Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները խնդրել են ՌԴ նախագահին՝ հանդիպել Պյոտր Պորոշենկոյի հետ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` խնդրելով նրան՝ հանդիպում ունենալ Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է Վլադիմիր Պուտինը` Նորմանդիայում դաշնակիցների վայրէջք կատարելու 70-ամյակին նվիրված հանդիսավոր արարողության ավարտին: Վերջինս ընդգծել է, որ մտադիր չէ թաքնվել որևէ մեկից: Պուտինի խոսքով` Պյոտր Պորոշենկոյի հետ զրույցը տևել է 15 րոպե:
Բացի այդ, նախագահ Պուտինը Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ քննարկել է Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը նվիրված հարցերը: Ամենայն մանրամասնությամբ քննարկումներ են տեղի ունեցել Ֆրանսուա Օլանդի հետ: Պուտինը հանդիպել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ. նրանք կողմ են արտահայտվել Ուկրաինայում իրավիճակի կարգավորմանը:










