Հռոմի պապը պաշտպանել է գնչուներին, կոչ արել դադարեցնել նրանց հանդեպ թշնամանքը

10:52 • 06.06.14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, դիմելով իտալացիներին, կոչ է արել թշնամանքով ու կասկածամտությամբ չվերաբերվել, այլ փոխարենն օգնել այն մարդկանց, ովքեր հասարակության «լուսանցքներից» այն կողմ են գտնվում։ 


Ինչպես նշում է The Guardian-ը, «լուսանցքներից» այն կողմ գտնվողներ ասելով՝ Պապը նկատի է ունեցել գնչուներին, որոնց հանդեպ մարդիկ նախապաշարմունքներ ունեն։

 

Կաթոլիկ հոգևոր առաջնորդը նաև նկատել է, որ գնչուների հանդեպ կանխակալ վերաբերմունքի պատճառով, այդ մարդիկ հազվադեպ են ներառվում քաղաքական, տնտեսական և սոցիալական ոլորտներում։


«Ես կարող եմ բազում դեպքեր մտաբերել, երբ այստեղ՝ Հռոմում, ավտոբուս եմ նստել ու ինձ հետ նստել են նաև գնչուներ։ Նրանց տեսնելով՝ վարորդը բարձրաձայն ասել է՝ աչքներդ դրամապանակներիդ վրա պահեք։ Սա անչափ ցավալի երևույթ է»,-ասել է Ֆրանցիսկոսը։

 

Պապը նկատել է, որ գնչուները հասարակության ամենաքիչ պաշտպանված շերտերից են, ովքեր սոցիալական անարդար պայմանների պատճառով շատ հաճախ հայտնվում են շահագործման, ստիպողաբար մուրացկանության ու բռնության այլ տեսակների թակարդում։