Ռուսաստանում քրեական պատասխանատվություն կնախատեսվի երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար

12:35 • 06.06.14

«ՌԴ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխությունների համաձայն՝ ռուսները, որոնք ունեն այլ քաղաքացիություն, ձեռքբերման օրվանից հետո 60 օրվա ընթացքում պարտավոր են գրավոր տեսքով տեղեկացնել այդ մասին Դաշնային միգրացիոն ծառայության տարածքային մարմնին, գրում է Russia Today-ը:

 

Միևնույն ժամանակ, օրենքը թույլ է տալիս դա չանել Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր մշտապես ապրում են երկրի սահմաններից դուրս և ունեն նաև այլ քաղաքացիություն և կացության իրավունք: Օրենքի տեքստն այսօր հրապարակվել է «Ռոսսիյսկայա գազետա»-ի կայքում:

 

Ըստ օրենքի ՝ անհրաժեշտ կլինի նաև տեղեկացնել Դաշնային միգրացիոն ծառայությանը երեխաների մոտ երկրորդ քաղաքացիության առկայության մասին: Այդ տվյալները թաքցնելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն մինչև 200 հազար ռուբլու չափով տուգանքի կամ մինչև 400 ժամ հարկադիր աշխատանքի տեսքով:

 

Այն դեպքում, եթե մարդը չհասցնի տեղեկացնել ծառայությանը կամ մի բան շփոթի հայտարարության մեջ, նրան կարող են ենթարկել վարչական պատասխանատվության և տուգանել 500-ից մինչև 1.000 ռուբլու չափով:

 

Օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 60 օր հետո։