Պուտինն ու Մերկելն Ուկրաինայի հարցը քննարկել են փակ դռների հետևում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործում փոխզիջումների ուղիներն ուրբաթ Դովիլում կայացած հանդիպման ժամանակ, գրում է gazeta.ru-ն:
«Զրույցը հիմնականում ընթացել է լուծումների և փոխզիջումների որոնումների գծով, այլ ոչ տարաձայնությունների տեսակետից»,- պատմել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ով ներկա է եղել այդ հանդիպմանը:
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հստակեցրել է, որ առաջնորդներն Ուկրաինայի թեմային են նվիրել մեկ ժամ տևած իրենց ողջ զրույցը: «Պուտինն ու Մերկելն ամբողջությամբ կենտրոնացել են ուկրաինական հարցերի, ուկրաինական կարգավորման որոնումների վրա»,-ընդգծել է նա:
Պատասխանելով թղթակցի հարցին, թե արդյոք առաջնորդները խոսել են Ուկրաինայի հարցի վերաբերյալ Մոսկվայի և Բեռլինի մոտեցումներում տարաձայնությունների մասին, Պեսկովն ասել է. «Հենց դրան էլ նվիրված է եղել զրույցը»:
Ռուսաստանի և Գերմանիայի առաջնորդների հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում Դովիլի կենտրոնում գտնվող «Նորմանդիա» հյուրանոցի «Վան Դոնգեն» սրահում։










