Նորմանդիայում Պուտինը կարճատև հանդիպում է ունեցել Պորոշենկոյի հետ

16:49 • 06.06.14

Նորմանդիայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի րոպե շփվել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Երկու առաջնորդների խոսակցությունը տեղի է ունեցել ընդհանուր կազմով լուսանկարվելուց առաջ, որին պետք է հաջորդեր պաշտոնական ընթրիքը. Նորմանդիա են ժամանել մի քանի պետությունների ղեկավարներ՝ դաշնակիցների զորքերի իջեցման 70-ամյակի առթիվ:

 

Reuters-ի թղթակիցը հաստատել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները շփում են ունեցել, սակայն ասել է, որ նրանց ձեռքսեղմումը չի տեսել։ 

 

 

Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդները լուսանկարվելու համար կանգնել են հակադիր կողմերում, գրում է lenta.ru-ն: Վլադիմիր Պուտինը տեղ է զբաղեցրել առաջին շարքի աջ կողմում՝ Դանիայի թագուհի Մարգրեթ Երկրորդի և Լյուքսեմբուրգի դուքս Անրիի միջև:

 

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի միջև կանգնել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը: