Ուժայինները տանկեր են օգտագործում Սեմյոնովկայի մոտ հարձակման ժամանակ. ԶԼՄ-ներ

14:51 • 06.06.14

Հունիսի 6-ին վերսկսվել են ակտիվ ռազմական գործողություններն Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքի մոտ գտնվող Սեմյոնովկա գյուղում: Այդ մասին Интерфакс-Украина-ին հայտնել են անջատողականների շտաբից:

 

«Այժմ իրականացվում է Սեմյոնովկայի մոտ գտնվող անցակետերի ինտենսիվ հրետանային ռմբակոծություն, բացի այդ, կրակում են նաև Վոստոչնի միկրոշրջանի ուղղությամբ, ուկրաինական բանակը դեռ չի օգտագործում ավիացիա, բայց կատաղի մարտերը շարունակվում են»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես գործակալությանը հայտնել են շտաբից՝ Սեմյոնովկայում չի մնացել և ոչ մի տուն, որ չի ենթարկվել կրակոցների: «Բոլոր բնակիչները լքել են բնակավայրը, տներն ավերված են: Անջատողականների կողմից վիրավորների մասին տեղեկություններ դեռ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Իրադարձությունների մասին հայտնում են նաև ականատեսները, լրագրող Անդրեյ Կրասնոշյոկովը Twitter-ի իր էջում գրել է, որ ուկրաինական տանկերը գտնվում են Սլավյանսկի մոտ և «կրակում են Սեմյոնովկայի խաչմերուկի ուղղությամբ»։