Ադրբեջանը ձգտում է անորոշ ժամանակով հետաձգել նախագահների հանդիպումը. Շ. Քոչարյան. azatutyun.am
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը, որի արդյունքում երեկ երկու հայ զինծառայող է սպանվել, ասել է, թե ադրբեջանական կողմն ամեն ինչ անում է Սարգսյան-Ալիև հանդիպումն անորոշ ժամանակով հետաձգելու և բանակցային գործընթացում առաջընթացը կանխելու համար:
Շավարշ Քոչարյանը նշել է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ցանկացած ակտիվացմանը, որն ուղղված է բանակցային գործընթացում առաջընթացի ապահովմանը, Ադրբեջանն արձագանքում է սադրանքներով:
«ԵԱՀԿ գործող նախագահը, գալով տարածաշրջան, նաև՝ համանախագահները և Ֆրանսիայի նախագահն արդեն ուղղակի առաջարկել են հանդիպում նախագահների մակարդակով: Դա նշանակում է, որ միջնորդները հակված են, որպեսզի վերջ դնեն այս տեղում դոփելուն: Իսկ հիմքը դրան վերջ դնելու, դա նույն մադրիդյան փաստաթղթերի գաղտնազերծված մասն է: Եվ Ադրբեջանի գործողությունները, հայտարարությունները հակասում են այդ ամեն ինչին: Կարծում եմ, որ դա է պատճառը, որ իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այս փուլում չլինի այդպիսի քայլ առաջ բանակցային գործընթացում»:










