Վարդան Պետրոսյանի գործով հաջորդ դատական նիստին կհարցաքննվի փորձագետը
2013 թվականի հոկտեմբերի 20-ին Եղվարդում դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավարությունը շարունակվում է:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ասաց, թե պաշտպանական կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ներկայացնի, թե ավտովթարը տեղի է ունեցել երթևեկելի մասում. «Այնինչ, բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ վթարը տեղի է ունեցել ճանապարհի ոչ երթևեկելի մասում: Բայց մենք պաշտպանական կողմից չենք նեղանում»,- հայտարարեց Ռուբեն Բալոյանը՝ շարունակելով, թե դեմ է, որպեսզի փորձագետը գա դատարան և հարցաքննվի, քանի որ դրա անհրաժեշտությունը չկա:
Նիստը նախագահող Վաղինակ Մկրտչյանը հայտարարեց, թե դատարանը քննության առնելով պաշտպանի միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքները, որոշեց միջնորդությունը բավարարել և փորձագետ Խորեն Զաքարյանին հրավիրել սույն գործի շրջանակներում և հարցաքննել:
Նշենք, որ ամբաստանյալ Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի դատարան հրավիրվի փորձագետ Խորեն Զաքարյանը:
Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, թե հաջորդ նիստին գրականություն կբերի, որտեղ չկա նշված մի հատված, թե կարելի է պլաստմասսայե բեկորով որոշել վթարի տեղը:
Ռուբեն Բալոյանն ասաց, թե առ այսօր անընդհատ նշվում է Նիվա մակնիշի հետընթացի մասին, սակայն դեռ որևէ ապացույց ներկայացված չէ, որ հետընթաց է եղել: «Նույնիսկ ամբաստանյալը մինչ հիմա ցուցմունք չի տվել, ստացվում է, որ պաշտպանյալը ցուցմունք է տալիս իր պաշտպանյալի փոխարեն»,- ասաց Ռուբեն Բալոյանը:
Դատարանում շարունակվում է ապացույցների հրապարակումը:










