Սպանությունների մեղադրանքով Վիեննայում ձերբակալել են Ղազախստանի նախագահի նախկին փեսային
Մարդկանց սպանությունների ու առևանգումների մեղադրանքով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում ձերբակալվել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի նախկին փեսան՝ Ռախատ Ալիևը։
Ինչպես տեղեկացնում է Лента–ն, Agence France-Presse-ին հղումով, Ավստրիայի իշխանություններն Ալիևի ձերբակալման օրդերը ստորագրել են մայիսի 19-ին։
Աղբյուրը մանրամասնում է, որ նախկինում Ալիևն ամուսնացած է եղել Նազարբաևի ավագ դստեր՝ Դագիրայի հետ։ Արդյունքում նա նշանակվել է Ավստրիայում Ղազախստանի դեսպան։
Սակայն 2007թ. Ղազախստանում Ալիևի դեմ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում նա մեղադրվել է 2 բանկիրի առևանգման համար. 4 տարի անց հայտնաբերվել են նրանց դիակները։
Այս ամենի հետևանքով արդեն ամուսնալուծված Ալիևին հեռակա կարգով դատապարտել են 20 տարվա ազատազրկման, սակայն նրան հաջողվել է խուսափել պատժից՝ տեղափոխվելով Ավստրիա։
Лентa-ն հավելում է, որ Նազարբաևի նախկին փեսան դատապարտվել է ևս 20 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձ իրականացնելու համար։
2011 թ. հուլիսին Ավստրիայի իշխանությունները սեփական հետաքննություն են սկսել ղազախ դեսպանի գործով։










