60 գործատուներ ՀՊՏՀ շրջանավարտներին ներկայացրին իրենց թափուր աշխատատեղերը

13:12 • 06.06.14

Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի կարիերայի և մարքետինգի կենտրոնն այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայության» հետ կազմակերպել է աշխատանքի տոնավաճառ, որին մասնակցել են մոտ 60 կազմակերպություններ՝ ներկայացնելով իրենց թափուր աշխատատեղերը:

Նման միջոցառում համալսարանը նախաձեռնել է անցած տարվանից և արդեն երկրորդ տարին նշված նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության հետ համատեղ կազմակերպում է աշխատանքի տոնավաճառ, որտեղ երկու կառույցների կողմից հրավիրված գործընկեր կազմակերպությունները ավարտական կուրսերի ուսանողներին և շրջանավարտներին ներկայացնում են իրենց կազմակերպություններում առկա թափուր աշխատատեղերը:

Տոնավաճառի բացմանը ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն ընդգծեց, որ նման տոնավաճառն այն գործուն հարթակն է, որտեղ հանդիպում են գործատուներն ու իրենց ուսանողները: «Մեր համալսարանը, կարևորելով բուհ-գործատու, բուհ-աշխատաշուկա հարաբերությունները և առաջնահերթ համարելով մեր շրջանավարտների կարիերային նպաստելու հանգամանքը՝ անընդհատ նորանոր քայլեր է նախաձեռնում»,-ասաց նա:

Վերջինիս ներկայացմամբ՝ ՀՊՏՀ-ն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ ստորագրել է համագործակցության պայմանագիր: Բուհի ռեկտորը հույս հայտնեց, որ այսօրվա նախաձեռնությունը ևս կծառայի իր նպատակին և որակյալ կրթությամբ շրջանավարտները կգտնեն իրենց գործատուներին: