Նախիջևանի միջադեպում կա նաև Թուրքիայի գործոնը. կարծիքներ
Նախկին ազատամարտիկ, գրականագետ Վարդան Դևրիկյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Հայաստան-Նախիջևան սահմանագոտում վերջին օրերին տեղի ունեցած հրադադարի ռեժիմի խախտմանը, ասաց, որ սրանով Ադրբեջանը ևս մեկ անգամ ցանկացավ շեշտել, որ ինքը բանակցային գործընթացում հանդես է գալիս ուժի դիրքերից:
«Ինչքան Ցեղասպանության հարյուրամյակը մոտենա, այնքան Թուրքիան Ադրբեջանին օգտագործելու է որպես երկրորդ ճակատ՝ ուշադրությունը շեղելու համար»,- ասաց Վարդան Դևրիկյանը:
Նրա բնութագրմամբ՝ այս անգամ իրավիճակի տարբերությունն այն է, որ միջադեպը տեղի ունեցավ Նախիջևանում, քանի որ Նախիջևանում միշտ հարաբերական անդորր է եղել, սակայն այս միջադեպով կարող ենք արձանագրել, որ էլի Թուրքիայի գործոնը կա:
«Սրանով Երևանը պատերազմի շունչը զգաց, որովհետև կրակոցները Երևանին ավելի մոտ էին»,- նկատեց գրականագետը՝ շարունակելով, թե մենք պետք է ընդգծենք, որ Նախիջևանի հետ սահմանը միայն հայ-ադրբեջանական սահման չէ։
Ասուլիսի ներկա ՀՀ նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ տնօրեն Լարիսա Ալավերդյանն իր հերթին նկատեց, թե մենք սովորույթի պես ընդունել ենք, որ ադրբեջանցին կարող է Տավուշում սահմանը խախտել, և դա դարձել է առօրեական:
«Ստացվում է, որ պետական մարմիններն այնպես են իրենց պահում, որ կարծես թե իրական պատասխանը մնում է ուժային կառույցի վրա: Մինչդեռ հարցը պետք է մտնի միջազգային ատյանների օրակարգ: Սակայն սա չի արվում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ երբ տարատեսակ հայտարարություններին՝ օրինակ ԵԱՀԿ ամերիկացի համանախագահ Ձեյմս Ուորլիքի արած հայտարարություններին Հայաստանը չի պատասխանում, տպավորություն է, որ Հայաստանն իրեն մեղավոր է զգում, որ կարողացել է դիմադրել և թույլ չտալ իրեն իր տնից հանեն:
«Մենք իրավունք ունենք ԼՂՀ-ի մասին խոսել միջազգային իրավունքի տերմիններով: Մենք չպետք է գլուխներս կախ գցենք, երբ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ անգրագետ քաղաքական գործիչ նամակ է ուղարկում, և նույնքան անգրագետ մեկ այլ քաղաքական գործիչ ընթերցում է այն»,- ասաց նախկին օմբուդսմենը:
Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, թե այնպես, ինչպես Ուկրաինայում և Սիրիայում են կարողանում խաղաղ բնակչության վրա ձեռք բարձրացնել և մնալ անպատիժ, այդպես էլ Ադրբեջանն է օգտվում դրանից. «Կարծես թե Ադրբեջանը քարտ-բլանշ է ստանում այդ երկրների օրինակով»,- ասաց նա:










