Երեխայի սեռը չիմանալն ամենակարևոր գործոնն է հոգեպես առողջ սերունդ ուենանալու համար. հոգեբան

18:56 • 07.06.14

Առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին` հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը, հոգեբան Աննա Բադալյանը հիմնավոր է համարում հոգեբանական տեսակետից, թեև նկատում է, որ երեխաների ծնունդը պետք է գրագետ ձևով պլանավորել։

 


«Հոգեբանական առումով եթե մենք ուզում ենք ունենալ առողջ, ինչպես ժողովուրդն է ասում, աստղով երեխա, կայացած, ինքնուրույն դեռ սաղմնային շրջանից, ուրեմն այդ երեխայի սեռը չպետք է իմանալ։ Մենք իրեն սիրում ենք այնպիսին, ինչպիսին կա՝ լինի աղջիկ, թե տղա։ Դա 99 տոկոս ճշգրտությամբ վերլուծություն է, որ երեխայի սեռը չիմանալն ամենակարևոր գործոնն է հոգեպես առողջ սերունդ ուենանալու համար»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց հոգեբանը։

 


Թե ինչու են հայերը նախընտրում տղա երեխա, հոգեբանի համար այդքան էլ դժվար չէ հասկանալ. «Հեգեկերտվածքի խնդիր կա, Հայաստանում ցանկանում են, որ իրենց ծուխը շարունակվի, որ սերունդը շարունակվի»,-նշեց նա և ավելացրեց, թե ինչ-որ տեղ էլ պետք է այնպես անել, որ պլանավորված լինի երեխայի ծնունդը։

«Չհասնի նրան, որ 7 աղջիկ ունենան ու նոր մեկ տղա»,-նշեց նա։