ՀԲ տրամադրած 30 մլն դոլարով՝ հանրակրթության հետագա բարելավում և մասնագիտական կրթության նորարարությունների խթանում
«Կրթության բարելավման ծրագիրը», որի իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից ֆինանսների նախարարությանը տրամադրվել է 30 մլն դոլար, ունի երկու նպատակ՝
Tert.am-ի հարցմանն ի պատասխան, թե հատկացված գումարը ինչ նպատակով է ծախսվելու, այս մասին գրավոր տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարությունը և նշել, որ ծրագիրը կմեկնարկի 2014 թ-ի սեպտեմբերին և կիրականացվի 5 տարվա ընթացքում:
Միայն հանրակրթության որակի բարելավման համար կտրամադրվի 27.5 մլն ԱՄՆ դոլար, որից 80% ՀԲ-ի տրամադրած գումարից կհատկացվի, իսկ 20%-ը՝ Կառավարության ներդրումներից: Այս գումարի շրջանակում հիմնականում պետք է իրականացվի 5-6 տարեկան երեխաների ընդգրկումը նախադպրոցական հաստատություներ, առանձին գործող ավագ դպրոցի ցանցի կայացումը, հանրակրթության առարկայական չափորոշիչների և ծրագրերի բարելավումը և այլն: Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ այս միջոցների հաշվին հանրապետության 107 ավագ դպրոցից մոտ 17-ը կվերանորոգվեն:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ֆինանսների նախարարության և Համաշխարհային բանկի միջև կնքվեց շուրջ 50 մլն դոլար վարկային համաձայնագիր, որը պետք է ուղղվի «Սոցիալական պաշտպանության վարչարարության II ծրագրին» և «Կրթության բարելավման ծրագրին»:
Գումարի մնացած մասը՝ 6.25 մլն ԱՄն դոլարը ( 80% Համաշխարհային բանկ և 20% ՀՀ Կառավարության ներդրում) կտրամադրվի Նորարարությունների մրցակցային հիմնադրամի (ՆՄՀ) զարգացմանը:
Նախարարության գրավոր պատասխանում նշվում է, որ ՆՄՀ-ի ձևավորումը բարձրագույն կրթության ֆինանսական կառավարման համակարգի բարեփոխման ուղղությամբ կարևոր նախաձեռնություն է, որը կհանդիսանա բարձրագույն կրթության ոլորտում նորարարությունները խթանող քաղաքական մեխանիզմ:
ՆՄՀ-ն ստեղծվել է, որպեսզի աջակցի ինչպես պետական, այնպես էլ՝ մասնավոր համալսարաններին՝ մշակելու և իրականացնելու նորարարական աշխատանքներ, բարելավելու համալսարանի ուսումնական ծրագրերը և մանկավարժական մեթոդները:
ՆՄՀ-ն աջակցում է բուհերի այն ծրագրերին և գործողություններին, որոնք ուղղված են կրթության որակի, համապատասխանության, արդյունավետության, ինչպես նաև՝ կրթության հասանելիության բարձրացմանը:










