Մասնագիտության ընտրության հարցում երեխաներին պետք է օգնել կողմնորոշվել դպրոցական վաղ տարիքից. մասնագետ
Մասնագիտությունը չպետք է ընտրել մեկ տարում, յուրաքանչյուր անձ խնդիր ունի մշտապես ընտրություն անելու, վերապատրաստվելու, որպեսզի մցունակ լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ hենց այդ նպատակով դեռևս 2012-ի դեկտեմբերին Կառավարության կողմից հաստատվել է մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրման հայեցակարգը:
«Ըստ հայեցակարգի՝ մի համակարգ է ներդրվում, որ նպատակ ունի անձին դեռևս դպրոցից օգնելու կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում՝ հաշվի առնելով անհատի առանձնահատկությունները, ընդունակությունները»,- ասաց նա և նշեց, որ մարդու հետ աշխատանք պետք է տարվի դեռևս 1-ին դասարանից:
Հայկուհի Գևորգյանը նշեց, որ դեռևս նախորդ տարվանից Երևանի 10 դպրոցներում սկսել են փորձնական աշխատանքներ տանել՝ աշակերտներն ու ծնողները հիմնականում գոհ են:
«Մենք որոշակի մեթոդաբանության հիման վրա օգնում ենք անձին կողմնորոշվել իր մասնագիտության հարցում: Իհարկե, եղել են ծնողներ, որոնք դժգոհություններ են ունեցել, բայց եղել են շատ ծնողներ, որոնք շնորհակալություն ն հայտնել մեզ մեր տարած աշխատանքի համար»,- ասաց նա:
Հայկուհի Գևորգյանը նշեց, որ իրականում այսօր այն երեխաները, որոնք կանգնած են մասնագիտություն ընտրելու հարցի շուրջ, տեղյակ չեն, թե աշխարհում ինչ մասնագիտություններ գոյություն ունեն:
«Եթե հարցնես, թե ինչ մասնագիտություններ գիտեք, տասից ավելին չեն կարող ասել: Վերջերս ՏՏ ոլորտի մասնագետ դառնալ ցանկացողների թիվը շատացել է, բայց նրանք միայն գիտեն ծրագրավորող բառը, իսկ թե ինչ բազմաթիվ մասնագիտություններ կան այդ ամբողջի մեջ, հիմնականում տեղյակ չեն»,- ասաց նա:










