Հնարավոր չէ՞ 1-ին, 2-րդ և գործող նախագահների հանդիպումը. հարցրել են երիտասարդները Գ. Ծառուկյանին (տեսանյութ)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության, տարբեր բուհերի ուսանողական խորհուրդների, հասարակական կազմակերպությունների ու ֆեդերացիաների երիտասարդ ներկայացուցիչների հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը հարց են ուղղել նրան՝ ինչո՞ւ հնարավոր չէ 1-ին, 2-րդ և գործող նախագահների հանդիպումը: Ինչին ի պատասխան Գագիկ Ծառուկյանն ասել է. «Ես կարճ կպատասխանեմ քո հարցին. ես կփորձեմ»:
Այս մասին տեղեկանում ենք «Բարգավաճ Հայաստան» կայքում տեղադրված տեսանյութից:
Երիտասարդության ներկայացուցիչների բարձրաձայնած հարցերի շրջանակն ընդգրկուն է եղել՝ քաղաքականից մինչև տարածաշրջանային, սոցիալ-տնտեսական ու գիտակրթական հիմնախնդիրներ:
Ի պատասխան հարցի, թե որքան է պատերազմի վերսկսման հավանականությունը, Գագիկ Ծառուկյանն ասել է.«Իմ կարծիքով՝ Ադրբեջանն այդպիսի ավանտյուրայի չի գնա: Իսկ Ալիևն էլ, քանի որ երաշխիք չունի, որ հաջողություն կունենա, պատերազմ չի սկսի: Պատերազմ սկսելու դեպքում նա գիտի, որ անմիջապես ամբողջ աշխարհի հայությունը բառիս բուն իմաստով կհամախմբվի՝ և՛ մարդկային, և ֆինանսական առումով: Իսկ ամենակարևորը, մենք մեր հաշվարկները չպետք է անենք Ալիևի հաշվարկների հիման վրա, ամենակարևորը՝ մենք մեր հույսը պետք է դնենք մեր վրա»:
Սրա համար, ըստ Գագիկ Ծառուկյանի, պետք է «անպայման կարողանանք երկիրը միասնական հզորացնել, տնտեսությունը զարգացնել, ժողովրդի վստահությունն ու հավատքը շահել, երաշխիք ստեղծել, որ գործարարները, փողատերերը Հայաստանում փող դնեն, երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը լավանա, մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն, իսկ երբ մարդիկ արդեն բարեկեցիկ կյանքով ապրեն, ուրեմն պետությունը հզոր է, զարգացած է: Այդ ժամանակ հզոր պետության հետ ոչ մի երկիր չի համարձակվի պատերազմել»:
Ի պատասխան հարցի, թե ինչպես է ԲՀԿ առաջնորդը վերաբերվում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն և Մաքսային միություն մտնելուն, Գագիկ Ծառուկյանն ասել է, որ Հայաստանը պետք է կարողանա Ռուսաստանի հետ կապերն է՛լ ավելի զարգացնել՝ ռազմաքաղաքական, տնտեսական, ֆինանսական, սպորտի բնագավառներում:
«Իսկ Մաքսային միություն, Եվրասիական միություն, ասենք թե դա երկրորդական հարց է, քանի որ տնտեսությունը խաղալիք չէ»,- ավելացրել է Գագիկ Ծառուկյանն ու ամփոփել. «Լիարժեք այդ քայլը մարդը կատարում է՝ մտածելով ի օգուտ իր տնտեսության , իր ժողովրդի: Դրա համար այդ խնդիրն անմիջապես չի կարգավորվում: Դա հարկավոր է լիարժեք քննարկել մասնագետների , տնտեսագետների, ոլորտի պատասխանատուների հետ… ում հետ , որ այդ միությունը ստեղծվում է, նրանց ղեկավարների հետ՝ քննարկելով կետ առ կետ, քանի որ քայլը կատարում ես, դրանով քո տնտեսությունը պետք է ավելի հարստանա: Դրա համար դա կարճ գործ չէ»:
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Գագիկ Ծառուկյանն ասել է,թե քանի որ իր ղեկավարած կուսակցության ձայնն այս հարցում մեծ ազդեցություն է ունենալու, դրա համար առայժմ ուզում է լսել, «երիտասարդին, ուսանողին, թոշակառուին» ու ըստ այդմ՝ իր որոշումն ու տեսակետը ներկայացնել: «Որովհետև էսօր պետք է ոչ թե ինչ-որ երկու մարդու որոշմամբ լինի, այլ պետք է քննարկվի այդ հարցը»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանն ընդգծել է, որ ցանկանում է ոչ միայն պատասխանել, այլ անձամբ լսել պատասխաններ, ու դրա համար դիմելով երիտասարդներից մեկին՝ ասել է. «Օրինակ՝ դու անձամբ կարո՞ղ ես դասական ձևով նկարագրես Հայաստանի վիճակը»:
Երիտասարդի պատասխանը չկա տեսանյութում, բայց կա հենց իր՝ Գագիկ Ծառուկյանի պատասխանը, որտեղ նա խոսում է Հայաստանից արտագաղթի շարունակականության մասին: «Սա դասական իրավիճակ չէ, որ մարդիկ գնում են»,- ասում է Գագիկ Ծառուկյանն ու մանրամասնում, որ վատ աշխատանքի ու վատ մասնագետի պատճառով է այդ ոչ դասական վիճակը:
Հանդիպումից հետո ներկաները Գագիկ Ծառուկյանի հրավերով այցելել են Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ, ծանոթացել 135-ամյա կենսագրություն ունեցող գործարանի փառավոր պատմությանը, շրջել թանգարանում, հիացել շուստովյան բացառիկ նմուշներով:










