Հալեպում հայեր են վիրավորվել. մի քանի օր ջրազրկված քաղաքում կոչ են անում ծորակից եկող ջուրը չխմել՝ չբացառելով թունավորման վտանգը
Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքի Սուլեյմանիե շրջանում ընկած հրասանդերի արկերի պատճառով վիրավորվել են Հակոբ Սեմերջյանն ու Պայծիկ Մելքոնյան Չերչյանը։ Վերջինիս վիճակը մտահոգիչ չէ. գրում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը։
Երեկ Հալեպի հայաշատ Նոր գյուղ և Սուլեյմանիե թաղամասերում պայթած արկերի և ինքնաշեն հրթիռների հետևանքով նաև զոհ էր գրանցվել։ Զոհվածը 1982թ.-ին ծնված Կարո Աստուրյանն է։
Հալէպում արդեն 6-րդ օրն է ջրամատակարարումն ամբողջությամբ դադարել է։ Բնակչությունն օգտագործում է մզկիթների և ակումբներում փորված ջրհորների ջուրը, սակայն դա խմել չի թույլատրվում։
Ժամանակ առ ժամանակ որոշ շրջաններում ժամանակավորապես միանում է ջրամատակարարումը, սակայն բնակչությանը կոչ է արվում չխմել նաև այդ ջուրը։ Ջրհորների և ժամանակավորապես միացած ծորակի ջուրը խմողներն առողջական խնդիրներ են ունեցել և բուժում են ստացել Հալեպի հիվանդանոցներում։
Այդ մասին հայտնել է նաև «Հալեպի ջուր» ընկերության տնօրենը, նշելով, որ հունիսի 2-ին «Սուլեյման ալ Հալաբի» շրջանում զինյալ ահաբեկիչների կողմից ծրագրված պայթյունի հետևանքով վնասվել են ջրամատակարարման խողովակները և թունավորված ջուր է լցվել որոշ խողովակների մեջ։ Տնօրենը կոչ է արել չխմել այդ ջուրը, մինչև խողովակները վերջնական կնորոգվեն և ջրամատակարումը կվերականգնվի։










