Չինաստանում 2 մարդ զոհվել է, մի քանիսը՝ վիրավորվել` փորձելով դուրս բերել աղբահորն ընկած հեռախոսը
Չինաստանի Հենան նահանգի Սինսյան քաղաքում երկու մարդ խեղդամահ է եղել, ևս մի քանիսը վնասվել են` փորձելով դուրս հանել աղբահորն ընկած բջջային հեռախոսը:
Ինչպես հայտնում է Huffington Post-ը՝ South China Morning Post-ին հղումով, հեռախոսը կորցրած կնոջ ամուսինը իջել է բացօթյա զուգարանի փոսը՝ գտնելու և դուրս բերելու հեռախոսը, որի արժեքը կազմում է մոտ 300 դոլար, սակայն չդիմանալով գարշահոտությանը՝ ուշագնաց է եղել և ընկել ներս: Նրան օգնություն ցույց տալու համար փոսն է իջել տղամարդու մայրը, սակայն նույնպես ուշաթափվել է:
Կինը, ում հեռախոսն ընկել էր հորը, ևս ուշագնաց է եղել: Հարևաններին հաջողվել է պարանի օգնությամբ դուրս բերել նրանց հորից: Նրանցից ոմանք ևս վնասվել են: Փրկվելու պահին նրանք դեռ շնչում էին, սակայն մինչ բուժսպասարկման անձնակազմի ժամանելը՝ մայր ու որդի մահացել են, իսկ կինը դեռևս կոմայի մեջ է գտնվում:










