ՏԻՄ ընտրություններ. Գորիսի քաղաքապետ է ընտրվել ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը

23:56 • 08.06.14

լուսանկարը՝ Գորիսի մամուլի ակումբի

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Վաչագան Ադունցը: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Գորիսի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:

Վերջինիս փոխանցմամբ՝ բոլոր 9 ընտրատեղամասերում հաշվարկն ավարտվել է, և նախնական տվյալներով՝ 4743 ձայն ստացել է Վաչագան Ադունցը, 2959 ձայն՝ անկուսակցական Հրայր Յոլյանը, անվավեր է ճանաչվել 511 քվեաթերթիկ: 

Նշենք, որ Վաչագան Ադունցին սատարում էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Գորիսում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին անկուսակցական Հրայր Յոլյանը և «Հանրապետական» կուսակցությունից առաջադրված Վաչագան Ադունցը: Ավելի վաղ Գորիսի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը Tert.am-ին հայտնել էր, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր կայացած քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,8%-ը՝ 16171 ընտրողներից՝ 8212 քաղաքացի:

Հիշեցնենք նաև, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ: 59 համայնքներից 3-ում՝ Գորիսում, Ապարանում և Ջերմուկում քաղաքապետ էին ընտրում:

henaran.am կայքի տեղեկություններով՝ Վայոց Ձոր մարզի Ջերմուկ քաղաքում նախնական տվյալներով վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Հովհաննիսյանը: Նրա մրցակիցն էր անկուսակցական Կորյուն Ստեփանյանը: