Գորիսում քաղաքապետի ընտրության քվեարկությանը մասնակցել է ընտրողների 50,8%-ը. ԸԸՀ նախագահ
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում այսօր կայացած քաղաքապետի ընտրություններին մասնակցել է ընտրողների 50,8%-ը: Ընդհանուր ցուցակներով 16171 ընտրողներից քվեարկության մասնակցել է 8212 քաղաքացի: Այս մասին Tert.am-ին փոխանցեց Գորիսի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Ստեփանյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ բոլոր ընտրատեղամասերը ժամը 20:00-ի դրությամբ արդեն փակվել են, և այժմ հանձնաժողովի անդամներն ու վստահված անձինք անցել են հաշվարկի գործընթացին: Ինչ վերաբերում է խախտումներին, ԸԸՀ նախագահը վստահեցրեց, որ բոլոր ահազանգերն արձանագրվել են:
Հիշեցնենք, որ Գորիսում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են անկուսակցական Հրայր Յոլյանը և «Հանրապետական» կուսակցությունից առաջադրված Վաչագան Ադունցը: Հիշեցնենք նաև, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել հանրապետության թվով 59 համայնքներում, որոնցից 40-ում` համայնքի ղեկավարի և 31-ում` ավագանու անդամի ընտրություններ: 59 համայնքներից 3-ում՝ Գորիսում, Ապարանում և Ջերմուկում քաղաքապետ էին ընտրում:










