Եվրասիական տնտեսական գոտին ոչ մի մտահոգություն չի կարող բերել Ղարաբաղին. Վարդան Դևրիկյան
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Արցախյան պատերազմի զինադադարի 20-ամյակին նվիրված «Չսկսված և չավարտված պատերազմը» գրքի հեղինակ Վարդան Դևրիկյանը գտնում է, որ ինքնին հասկանալի էր՝ Հայաստանը Ղարաբաղի հետ չի անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը:
«Դա ինքնին հասկանալի է, քանի որ Ղարաբաղը Հայաստանի մաս չէ, իրեն հռչակել է անկախ պետություն՝ անկախ ճանաչված լինել-չլինելուց: Այստեղ մտահոգիչ կարող է լինել այն, թե Մաքսային միության անդամ պետությունները որքանով կարող են ունենալ միասնական արտաքին սահման, քանի որ միասնական արտաքին սահմանի այդպիսի հստակ ձևակերպում չկա: Իսկ Եվրասիական տնտեսական գոտին ոչ մի մտահոգություն չի կարող բերել Ղարաբաղին»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ այդ հարցում, բնականաբար, ենթատեքստն այն է, որ մաքսակետ դրվի Հայաստանի ու Ղարաբաղի միջև, որպեսզի դրանով Ղարաբաղի կենսագործունեությունը ինչ-որ ձևով վերահսկվի Մաքսային միության մյուս երկրների կողմից, ինչը միգուցե և ցանկալի չէ:
Վարդան Դևրիկյանը համոզված է, որ խնդիրը միայն դրա հետ է կապված, բայց եթե Հայաստանի իշխանություններն ասում են, որ լուծումներ կգտնվեն, ապա պետք չէ մտահոգվել, պետք է փորձել հավատալ: «Ինչ-ինչ, բայց գոնե արտաքին հարցերում ես հավատում եմ, քանի որ առևտրային մյուս դաշինքների դեպքում երբևէ պայման չի դրվել, որ Հայաստանը Ղարաբաղի հետ պետք է միանա»,-եզրափակեց նա:










