Քառյակն այսօր կհայտարարի իր 12 կետից բաղկացած պահանջները. Լյուդմիլա Սարգսյան

12:31 • 09.06.14

ԱԺ ոչ իշխանություն ուժերի քառյակն այսօր կհայտարարի իր 12 կետից բաղկացած պահանջները՝ ուղղված կառավարությանն ու իշխանություններին. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը։


«Գաղտնի չէ, այսօր կհայտարարեն, մամուլի ասուլիսն այսօր է կայանալու և քանի որ դա միայն մերը չէ, բոլորը պետք է ուզեն, որ հայտարարվի, կհայտարավի այսօր»,-նշեց նա։


«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ ասաց, որ այն, ինչ ասվել էր քառյակի վերջին նիստից հետո իր խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կողմից՝ դրան ավելացնելու բան չունի։


«Ես երկրում չեմ եղել, վերջին նիստին ես եղել եմ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովին։ Ինքներդ գիտեք, որ ինքը փակ նիստ է՝ առանց հղումների, դրանից հետո հյուրընկալող կողմը տեղեկություն է տարածում ԶԼՄ-ներին, դրանից ավել ոչ պատրաստվում եմ որևէ բան ասել»։


Թևան Պողոսյանն առանց ձևակերպումները ներկայացնելու միայն նշեց, որ 12 կետերում ներառված են այն բոլոր խնդիրները, որոնք այսօր մտահոգում են հասարակությանը։ Նրա խոսքով՝ արվելիք քայլերն այնպես են ընտրվել, որպեսզի հնարավորինս արդյունավետ լինեն։


Հարցին, թե կարելի՞ է եզարակացնել, որ քառյակը կառավարության հետ համագործակցության ուղիներ է փնտրում, քանի որ պահանջներ է դնում և ակնկալում, որ դրանք պետք է լուծում ստանան, «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը հակադարձեց. «Ես մի բան ասեմ, քանի որ գալիս եմ ՀԿ-ների դաշտից, ուրեմն դոնորների հետ շփվելիս շատ ժամանակ նույնիսկ ընդդիմադիր ուժերին ասում են՝ դուք պետական կառավարման համակարգ եք և քանի որ դու գտնվում ես պառլամենտում՝ այսօրվա դրությամբ «կողմ» կամ «դեմ» քվեարկելով՝ ինչ-որ չափով մասնակցում ես կառավարմանը»։


«Հիմա նույն ձև էլ դուք եք ասում, քանի որ գտնվում ենք պառլամենտում, ուրեմն Դուք համագործակցում եք։ Ինչպե՞ս եք պատկերացնում, եթե համագործակցում ենք հանուն ՀՀ-ի, դա ինձ թվում է՝ լավ է, եթե համագործակցում ենք այն իմաստով, որ իրենց սխալներն ասում ենք և փորձում ճիշտ մոտեցումներ անել, ուրեմն դա համարեք համագործակցություն։ Եթե համագործակցում ենք այն առումով, որ կարողանում ենք հասնենք նրան, որ սխալ կատարած մարդիկ պատժվեն, ապա անվանենք համագործակցություն, Ձեր պատկերացումների մեջ դուք ազատ եք համագործակցություն բառը գտնել»,– ավելացրեց պատգամավորը։


Թևան Պողոսյանը նշեց, որ ինքը համագործակցության որևէ խնդիր քառյակի և կառավարության միջև այսօրվա դրությամբ չի տեսել այնպիսի համատեքստում, ինչպիսին հարցում նկատի էր առնված։