Սմբատ Այվազյանի աշխարհընկալման արժեքներն սկսվում ու ավարտվում էին պետությունով. Նրա մարմինը հայրենիք կբերվի հունիսի 11-ին
«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամ Սմբատ Այվազյանի մարմինը Ֆրանսիայից Հայաստան կբերվի հունիսի 11-ին: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ և ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը և խոսելով Սմբատ Այվազյանի տեսակի մասին՝ նշեց, որ նման մարդու կերպարը էքստրեմալ պայմաններում ամենաճիշտն է դրսևորվում:
«Նրա հետ կապված բոլոր ընկալումները պայմանավորված են առաջին հերթին՝ մարտական գործողությունների, երկրապահի, պատերազմական իրավիճակի հետ: Վազգեն Սարգսյանը նրա մասին ասում էր՝ նա իմ զինակից ընկերն է: Ոչ մի հարաբերություն այդքան անարատ ու մաքուր չի լինում, որքան զենքի ընկերները, հատկապես՝ երբ բոլորը նպատակաուղղված է լինում երկրին ու ժողովրդին: Բացառիկ պարկեշտ անձնավորություն էր, նրա կուրծք ծեծելը ոչ մեկը չի տեսել, նրա աշխարհընկալման բոլոր կարևորագույն արժեքները՝ հայրենիք, ընտանիք, կին, երեխա, ընկեր, մայր, ծնող, բոլորը սկսվում էր պետությունով, վերջանում պետությունով: Նրա նման պետական մտածելակերպ ունեցող անձնավորություն նույնիսկ՝ պետական կառավարման համակարգում շատ քիչ է հանդիպում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Սմբատ Այվազյանը մահացել է հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը՝ Ֆրանսիայում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը՝ նա տառապում էր ծանր հիվանդությամբ և բուժման համար հերթական անգամ մեկնել էր Փարիզ:
Սուրեն Աբրահամյանն ընդգծեց, որ Սմբատ Այվազյանը ինչպես կյանքում էր շատ կոկիկ, այնպես էլ՝ ռազմի դաշտում:
«Իր` զենքի նկատմամբ ունեցած վերաբերմունքով, իր զինակից ընկերների, իր զինվորի նկատմամբ ունեցած սիրով, հարգանքով ու նվիրումով… Երբ մենք դեսից դենից խոսում էինք երկրի, ժողովրդի, մեր անելիքների մասին, անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ մի օր նման գնահատական պետք է տամ իրեն»,-ասաց նա:
Հարցին, թե ինչպիսի Հայաստան էր երազում տեսնել Սմբատ Այվազյանը, Սուրեն Աբրահամյանը նշեց, որ դա մեծ ու գեղեցիկ հեքիաթի սկիզբ կլինի, եթե ինքը սկսի պատմել:
«Եթե ողջ լիներ, նա կհավատացներ, որ դա ռեալ իրագործելի նպատակ է: Գուցե տարօրինակ բան ասեմ, բայց երևի միակ սփոփանքն այն է, որ նա գնաց Վազգեն Սարգսյանի կողքին կանգնելու»,-ասաց նա:
Սմբատ Այվազյանը 1990-1995 թթ.-ին եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք), ԳԽ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ, 1995-1999 թթ.-ին` ԱԺ պատգամավոր (թիվ 89 ընտրատարածք), «Հանրապետություն» խմբակցության անդամ, «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ, ապա՝ նախագահ: 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ԱԺ պատգամավոր։










