Կլիմայի փոփոխությունների պատճառով ջուրը քշել-տարել է 26 ճապոնացի զինվորի շիրիմ

17:27 • 09.06.14

Խաղաղ օվկիանոսի արշիպելագում գտնվող Մարշալյան կղզիներում կլիմայական փոփոխությունների հետևանքով զգալի չափով բարձրացած ջրերը քշել-տարել են առնվազն 26 ճապոնացի զինվորի շիրիմ։

 

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, արդյունքում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ զոհվածների կմախքները հայտնաբերվել են Սանտո կղզու ափերին։

 

Մարշալյան կղզիների արտաքին քաղաքական գերատեսչությունն անդրադարձել է տհաճ միջադեպին՝ հաստատելով, որ դրա միակ պատճառը կլիմայական փոփոխություններն են։

 

Ծովի մակարդակից մի քանի մետր բարձրության վրա գտնվող կղզու իշխանությունների համաձայն՝ այժմ կլիմայական փոփոխությունները վտանգի են ենթարկում ոչ միայն իրենց, այլև հանգուցյալների «գոյությունը»։

 

Մասնագետների խոսքերով՝ գլոբալ տաքացման հետևանքով անցած 100 տարվա ընթացքում համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 18 սմ-ով։