Արտգործնախարարը պետք է այդ ամենը իմանար. Հ. Բագրատյանը՝ Աստանայի միջադեպի մասին

13:52 • 09.06.14

ԱԺ-ում այսօր՝ մտքերի փոխանակման ժամանակ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ Եվրասիական տնտեսական միավորման ստեղծման նպատակով մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հնչած մտահոգություններին։


«1996թ-ին խնդիրը շատ պարզ էր, երբ ես գնացի Շվեյցարիայում հանդիպելու, երբ մեզ ընդհանրապես ուզում էին գործընթացից դուրս հանել, մենք հարց տվեցինք` լավ, Ղարաբաղի հարցը քաղաքականապես աշխարհն ասել էր, որ դեռ պարզ չէ, բայց տնտեսապես ի՞նչ եք ուզում։ Առևտրի համաշխարհային կազմակերպությունը դիմեց Ադրբեջանին` կփոխես ռազմաճակատի գիծը, որպեսզի Ղարաբաղն առևտուր անի աշխարհի հետ, Ադրբեջանը պատասխանեց՝ ոչ, այսինքն՝ Ղարաբաղի տնտեսական գործունեությունն օրինական է»,- նկատեց նախկին վարչապետը։


Նա նկատեց, թե այս ամենը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պետք է իմանար։ «Էս բաները արտգործնախարարը պիտի, որպեսզի իմանա պիտի գա ինձնից հարցնի` էն մարդկանցից, որոնք բանակցել են, հարցնի` էդ ո՞նց ա, որ հայկական դրամն օգտագործվել է Ղարաբաղի տարածքում, պետք է հարցնել, սովորել ու վազել էդ մոմենտին, երբ Նազարբաևը խոսում ա, նախագահի ականջին հուշել, թե չէ բերել են ... նիստին, չեմ ուզում կոպիտ խոսքեր ասել, անհասկանալի նյութեր եք բերում ու ուզում եք արտաքին քաղաքականություն վարել ... այդպես չի լինում»,- եզրափակեց պատգամավորը:


Հիշեցնենք, որ Աստանայում Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու պայմանագրի կնքման ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի համաձայն ՀՀ-ն պետք է անդամակցի ԵՏՄ-ին ըստ ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմանների։