Ժնևում մեկնարկում են միջուկային ծրագրի շուրջ Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի բանակցությունները
Երկուշաբթի Ժնևում մեկնարկում են Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի դիվանագետների երկօրյա բանակցությունները, գրում է ria.ru-ն:
Իրանը խորհրդակցությունների ժամանակ կներկայացնի երկրի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին, ամերիկյան կողմը՝ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բերնսը և քաղաքական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը: Եվրամիությունից բանակցություններին կմասնակցեն արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ-ի բարձրագույն ներկայացուցչի տեղակալ Հելգա Շմիդտը և ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը:
Իրանը միջուկային խնդրի վերաբերյալ նաև առանձին հանդիպում կունենա Հռոմում հունիսի 11-ից 12-ը:
Թեհրանի և միջազգային միջնորդ «վեցյակի»՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի միջև բանակցությունների հերթական փուլը կսկսվի հունիսի 16-ին: Բանակցությունների նպատակը տնտեսական պատժամիջոցների վերացման դիմաց Իրանի միջուկային ծրագրի դադարեցման վերաբերյալ վերջնական համաձայնության հասնելն է:
Համապարփակ համաձայնությունը, որը կերաշխավորի իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի բացակայությունը, պետք է մշակվի մինչև հուլիսի 20-ը։










