8.000 մետրից թռիչք՝ առանց թթվածնի. շվեյցարացին համաշխարհային ռեկորդ է սահմանել (լուսանկարներ)
Շվեյցարացի մարզիկ Ռեմո Լենգն օդապարիկից պարաշյուտով թռիչք է կատարել 8.270մ բարձրությունից՝ չօգտագործելով թթվածնային սարք, հայտնում է Российская Газета-ն՝ հավելելով, որ դա համաշխարհային ռեկորդ է։
Գործած սխրանքից հետո, որը տևել է 10 րոպե, էքստրեմալը տպավորություններով կիսվել է լրագրողների հետ։
«Մոտավորապես առաջին 3 րոպեների ընթացքում ես չէի շնչում։ 4.000 մ բարձրության վրա սկսեցի զգուշորեն շունչ քաշել։ Ինձնից մոտ 1 րոպե պահանջվեց շնչառությունս կարգավորելու համար»,-ասել է Լենգը։
Մարզիկը բացատրել է, որ նման դեպքերում շատ վտանգավոր է միանգամից լիաթոք շնչելը, քանի որ դրա հետևանքով կարելի է գիտակցությունը կորցնել և ջարդուփշուր լինել։
Օդապարիկից թռչելու առաջին 6 րոպեի ընթացքում էքստրեմալը գտնվել է ազատ անկման վիճակում, հետո նոր բացել է պարաշյուտը։
«Ես նախապատրաստվել եմ այս ցատկին ողջ կյանքս։ Դրա իրականացման համար օգտագործել եմ ունեցած ողջ փորձս»,-հավելել է Լենգը, ով անցած 20 տարվա ընթացքում 3.000 ցատկ է կատարել պարաշյուտով, ինչպես նաև 3.000 ժամ է անցկացրել ջրի տակ՝ 186 մ խորության վրա։















