Վերին Լարսի սահմանակետի բացման հարցով վրացական կողմը մինչև հունիսի 12-ը պետք է դրական լուր հայտնի. ՀՀ տրանսպորտի փոխնախարար
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի սահմանակետի հարցով, որը փակվել է ճանապարհի փլուզման պատճառով, վրացական կողմը մինչև հունիսի 12-ը հայկական կողմին պետք է դրական լուր հայտնի. այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
«Տեղեկանք է ներկայացվել կառավարություն, և վարչապետն անձամբ զբաղվում է այս խնդրի լուծմամբ: Բանակցություններ են վարվում ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմերի հետ, որպեսզի հետագայում բացառենք նման դեպքերը: Գիտեք, բաց լեռնային հատված է՝ քարաթափումներ, սողանքներ են լինում: Ուզում ենք խնդրել, որպեսզի միջոցառումներ ձեռնարկվեն մեր հարևանների կողմից, որպեսզի հնարավորինս մեղմենք ռիսկերը այդ բարդ լեռնային գոտիով անցնող ճանապարհի պահպանման ուղղությամբ»,-ասաց փոխնախարարը:
Փոխնախարարը նաև նշեց, որ այս օրերին հայկական բեռները շարունակում են մնալ ճանապարհի երկու կողմում։ Ըստ նրա՝ դրան զուգահեռ մեծ կուտակումներ չկան:










