Հալեպում դարձյալ հայ է զոհվել
Հալեպի հայաշատ Նոր գյուղ թաղամասում հունիսի 1-ին արձակված ինքնաշեն հրթիռների պայթյունի պատճառով վիրավորված Լևոն Չերչյանը մահացել է։
Ինչպես տեղեկացնում է Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը, 1963թ.-ին ծնված Լևոն Չերչյանի հուղարկավորության արարողությունը տեղի է ունենալու այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հալեպում արդեն 6-րդ օրն է ջրամատակարարումն ամբողջությամբ դադարել է։ Բնակչությունն օգտագործում է մզկիթների և ակումբներում փորված ջրհորների ջուրը, սակայն դա խմել չի թույլատրվում։
Ժամանակ առ ժամանակ որոշ շրջաններում ժամանակավորապես միանում է ջրամատակարարումը, սակայն բնակչությանը կոչ է արվում չխմել նաև այդ ջուրը։ Ջրհորների և ժամանակավորապես միացած ծորակի ջուրը խմողներն առողջական խնդիրներ են ունեցել և բուժում են ստացել Հալեպի հիվանդանոցներում։
Սիրիայում շարունակվող պատերազմի ընթացքում ըստ տարբեր տվյալների 130-160 հազար մարդ է զոհվել։ Զոհված հայերի թիվն անցնում է 100-ը։










