Բաքվում ԱՄՆ դեսպանը հայտարարել է, որ Ադրբեջանում «Մայդանի» կրկնության հնարավորության մասին խոսքերը սխալ են մեկնաբանել
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը մեկնաբանել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությանը տված իր հարցազրույցը, որտեղ չէր բացառել, որ Բաքվում կարող են կրկնվել Կիևի Մայդանի իրադարձությունները, տեղեկացնում է haqqin.az-ը։
«Մենք Ադրբեջանի անկախության 23 տարիների ընթացքում երբեք չենք խառնվել նրա ներքին գործերին։ Ես պարզապես ներկայացնում էի իմ տեսակետը որոշ հարցերի շուրջ՝ ԱՄՆ-ի հավասարակշռված քաղաքականության բերումով։ Եվ եթե իմ հարցազրույցից հետո հանրության և անգամ կառավարության շրջանում քննարկվում է իմ տեսակետը, ապա կարծում եմ, որ այն հասել է իր նպատակին»,-հայտարարել է Մորնինգսթարը՝ մեկնաբանելով իր աղմկահարույց հարցազրույցն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ։
Դեսպանը հայտարարել է, որ իր խոսքերը ճիշտ չեն ներկայացվել։ «Յուրաքանչյուր ցանկացող կարող է ծանոթանալ իմ հարցազրույցի տեքստին և համոզվել, որ այն հավասարակշռված է եղել և արդար»,-ասել է դեսպանը։
Նա ընդգծել է, որ ասել է բառացիորեն հետևյալը. «Եթե չափազանց խիստ վերաբերմունք լինի քաղաքացիական հասարակության հանդեպ, նրանց շնչելու հնարավորություն չտան, ապա դա կարող է անցանկալի հետևանքների հանգեցնել։ Եթե ոչ այսօր, ապա 5, 10, 20 տարի հետո»։
Մորնինգսթարը նաև հայտարարել է, որ Ադրբեջանում կայունության և զարգացման ապահովման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել քաղաքացիական հասարակության գործունեության համար։ «Ինձ հետ ինչ-որ մեկը կարող է չհամաձայնել, ամեն մարդ իր տեսակետն ունի, և սա իմ տեսակետն է»,-ասել է նա։










