Պատահաբար դուք չե՞ք զանգել Վալերի Պողոսյանին և հրավիրել նախագահական. Փաշինյանը ՍԴ անդամի թեկնածուին հիշեցրեց Վիկիլիքսի փաստերը

13:48 • 09.06.14

ՀՀ ԱԺ Նախագահ Գալուստ Սահակյանն այսօր ԱԺ-ին ներկայացրեց Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում առաջադրված Արայիկ Թունյանի թեկնածությունը, ով ՍԴ-ում կփոխարինի Վալերի Պողոսյանին։ Նշենք, որ Վալերի Պողոսյանի պաշտոնավարման տարիքը լրանալու հիմքով դադարեցվել է նրա լիազորությունները, և ԱԺ-ն փակ քվեարկությամբ կընտրի ՍԴ նոր անդամի։ Առաջադրված միակ թեկնածուն ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանն է։


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ձեռքի տակ է Վիկիլիքսի հայտնի փաստաթուղթը, որում ասվում է, որ ՍԴ անդամ Վալերի Պողոսյանը 2008-ի մարտին հանդիպում է խնդրել ԱՄՆ դեսպանության ներկայացուցչից և տեղեկացրել, որ նախագահական նստավայրի կողմից ՍԴ անդամները ճնշումների են ենթարկվում, որպեսզի նախագահականի համար հաջող որոշում կայացնեն ։ «Խոսքը 2008-ի նախագահական արդյունքների մասին է, և ահա Վալերի Պողոսյանն ասում է, որ իրեն զանգել են, հրավիրել և իր տեղեկություններով առնվազն ՍԴ երեք-չորս անդամներ մարտի 4-ին հրավիրվել են նախագահական, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նախագահական ընտրություններն անվավեր ճանաչվելու դիմումը մերժվի»,- նշեց նա և ապա հարցրեց, թե այդ ժամանակ լինելով իրավաբանական վարչության պետ, կարելի է ենթադրել, որ նա էլ համակարգել է իրավաբանական աշխատանքները։


«Ուզում եմ ուղիղ հարց տալ, պատահաբար Դուք չե՞ք զանգել Վալերի Պողոսյանին հրավիրել նախագահական՝ համապատասխան ճնշումներ իրականացնելու համար, և, ընդհանրապես, այս տեղեկության մասին հետաքննություններ եղե՞լ են, թե ով է զանգել»,- ասաց նա։


Արայիկ Թունյանը պատասխանեց, թե ինքը բացարձակ տեղեկություն չունի։ «Ես ՍԴ որևէ անդամի ոչ զանգել եմ, ոչ էլ գտնում եմ, որ իրավունք ունեմ զանգելու, և ընդհանրապես տեղյակ էլ չեմ»,- նշեց նա։


Նիկոլ Փաշինյանը հակադարձեց, թե ինչի մասին տեղյակ չէ, Վիկիլիքսի ինֆորմացիայի, թե՞ ով է զանգել ՍԴ անդամներին։ Թեկնածուն պատասխանեց. «Ով է զանգել»։

Իսկ հարցին, թե այս տեղեկությունը որևէ կերպ հետաքննվել է, Արայիկ Թունյանը նշեց. «Եթե նման փաստ տեղի չի ունեցել, ինչո՞ւ պետք է քննարկվեր և հետևություն արվեր, ես այդ պահը չեմ պատկերացնում»։