Սերբիան ստիպված է հետաձգել «Հարավային հոսք» նախագծի աշխատանքները՝ Բուլղարիայի դիրքորոշման պատճառով

14:04 • 09.06.14

Սերբիան ստիպված է հետաձգել «Հարավային հոսք» գազամուղի նախագծի աշխատանքները՝ դրա կառուցումը դադարեցնելու մասին հարևան Բուլղարիայի իշխանությունների հայտարարության պատճառով: Այդ մասին հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով Սերբիայի փոխվարչապետ և տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով նախարար Զորան Միխաիլովիչին:

 

Կիրակի օրը Բուլղարիայի կառավարությունը կարգադրել էր դադարեցնել «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագծի շրջանակներում տարվող աշխատանքները Եվրահանձնաժողովի հետ խորհրդակցություններ անցկացնելու համար: Այդ հարցի շուրջ հետագա որոշումները կընդունվեն՝ Բրյուսելի հետ խորհրդակցությունների արդյունքներից կախված։

 

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերությունն իրականացնում է «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագիծը, որը պետք է Սև ծովով Ռուսաստանը միացնի Հարավային և Կենտրոնական Եվրոպաների հետ՝ շրջանցելով Ուկրաինան: Նախագծի ցամաքային հատվածն իրականացնելու համար միջկառավարական համաձայնագրեր են կնքվել Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի և Սլովենիայի հետ: