«ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի ստորագրման ժամկետը կարող է լրանալ 9 օրից

10:48 • 10.06.14

ՀՀ նախագահի կողմից «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի ստորագրման ժամկետը հնարավոր է լրանա 9 օրվա ընթացքում, քանի որ, եթե օրենքի նախագիծը 3-րդ ընթերցման ռեժիմով քննարկվել է նախորդ արտահերթին՝ մայիսի 19-ին, սակայն հաշվի առնելով, որ ՀՀ նախագահի նստավայր ուղարկելու համար սահմանված է 10-օրյա ժամկետ, ապա դրա ստորագրման ժամկետը կարող էր սկսվել մայիսի 29-ից, և, հետևաբար, նախագահի կողմից դրա ստորագրման ու հրապարակման ժամկետը լրանում է հունիսի 19-ին:


Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ ԱԺ պետական-իրավական մշտական հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանի մեկնաբանություններից: «Այսինքն՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և ԱԺ կանոնակարգ-օրենքի: Սահմանադրություն. «Հանրապետության նախագահը ԱԺ ընդունած օրենքը ստանալուց հետո 21-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն»: Իսկ ԱԺ կանոնակարգ-օրենքն ասում է, որ ԱԺ նախագահը ընդունված օրենքը տասնօրյա ժամկետում ուղարկում է հանրապետության նախագահին, որը ստանալուց հետո այսինքն՝ ոչ մայիսի 19-ին, 21-օրյա ժամկետում ստորագրում ու հրապարակում է այն, «կամ առարկություններով և կամ առաջարկություններով վերադարձնում ԱԺ»,- իրավական այս նրբությունը մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանը:


Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ին հայտնի էր դարձել, որ Սերժ Սարգսյանը մտադիր է չստորագրել և արդեն առարկություններով հետ է վերադարձնել «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքը:


ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամին հարցրեցինք, թե ինչ ճակատագիր է սպասում օրենքին, եթե, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը չստորագրի այն ու առարկություններով ուղարկի ԱԺ:


«Իսկ եթե առարկություններով վերադարձնում է ԱԺ, ապա ԱԺ-ն իր հերթին այդ հարցը համարում է պարտադիր անհրաժեշտության քննարկվող հարց և նախագահի կողմից վերադարձած օրենքը կամ ՀՀ նախագահի պահանջով՝ նոր քննարկում է կազմակերպում և նոր օրենքն ուղարկում է ՀՀ նախագահին: Նախագահը 5-օրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է այն»,- մեկնաբանեց Արփինե Հովհաննիսյանը։


Նրա տեղեկացմամբ՝ Ազգային ժողովը նման նախադեպ էլի ունեցել է:


Նշենք, որ «ժողովուրդ»-ը տեղեկացրել էր , որ հապաղման կամ չստորագրման պատճառ կարող է լինել այն, որ 2014թ. պետական բյուջեում նախատեսված չեն եղել համապատասխան գումարներ քննչական մարմնի աշխատակիցների համար, որոնց համար նախատեսված էր բավականին բարձր աշխատավարձ:


Արփինե Հովհաննիսյանը, ի պատասխան հարցի, թե ինչ ֆինանսական միջոցներ են նախատեսված, նկատեց, որ միայն այն գիտի, որ կոմիտեն պետք է ստեղծվեր «կոնկրետ կառույցների նյութական բազայի հիման վրա և պետական բյուջեից հատկացումներ նախատեսված չէին, բացի որոշակի շենքային պայմաններից»։