Վրացին փորձել է առևանգել Քութաիսի-Մինսկ ինքնաթիռը
Բելառուսի Պետանվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ այսօր փորձ է արվել առևանգել Քութաիսի-Մինսկ չվերթն իրականացնող ինքնաթիռը։
Naviny.by գործակալության հաղորդմամբ՝ ինքնաթիռի անձնակազմի ղեկավարն ուղևորներից մեկից գրություն է ստացել, որտեղ վերջինս սպառնացել է պայթեցնել ինքնաթիռը և պահանջել է փոխել թռիչքի ուղին դեպի եվրոպական երկրներից մեկը, գրում է Russia Today-ը:
«Օդաչուների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ 6:50-ին նշված ինքնաթիռը վայրէջք է կատարել «Մինսկ» ազգային օդանավակայանում»,- ասված է Պետանվտանգության կոմիտեի հաղորդագրության մեջ:
Պետանվտանգության կոմիտեի հաղորդմամբ, երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել օդանավակայանում, ինքնաթիռ են բարձրացել կոմիտեի հակաահաբեկչական վարչության և «А» խմբի ներկայացուցիչները: Նրանք սկսել են բանակցել գրությունը փոխանցած անձի հետ: Անձը եղել է 1973 թվականին ծնված Վրաստանի քաղաքացի: Արդյունքում՝ նա հանձնվել է և լքել ինքնաթիռը:
Հարուցվել է քրեական գործ։










