«Դո՛ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը ավտոերթ է կազմակերպել, 4 վարորդ բերման է ենթարկվել (տեսանյութեր, լուսանկարներ, տարբերակ 4)
14։37
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ «Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնության մասնակիցներից որևէ մեկին բերման չեն ենթարկել:
«Ոստիկանությունում բերման ենթարկված անձ չկա»,- հաղորդեցին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
13։46
Ակցիայի մասնակիցները համաձայնության եկան ոստիկանության հետ՝ պայմանով, որ իրենք կվերադառնան այնտեղ, որտեղից սկսել են երթը և կսպասեն, մինչև բերման ենթարկված չորս վարորդներին կվերադարձնեն իրենց:
13։34
Ոստիկանները բերման ենթարկեցին վարորդներից երկուսին: Մյուս վարորդները պառկել են ոստիկանության մեքենայի դիմաց, թույլ չեն տալիս բերման ենթարկվածներին տանել:
Վարորդները հայտարարում են, թե մինչև իրենց ընկերներին ազատ չարձակեն, իրենք տեղից չեն շարժվելու: Ոստիկանները սպառնում են մեքենաները քարշակներով հանել:
«Դո՛ւրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Երևանի Բրազիլիայի հրապարակից ավտոերթ էր կազմակերպել հետևյալ պահանջներով. վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել տեսախցիկների և արագաչափերի տուգանքները, մինչև այժմ գրանցված տուգանքների վրա եկած տույժերի նկատմամբ համաներում հայտարարել, դադարեցնել բոլոր տեսակների տուգանքները՝ մինչև նոր կանոնակարգերի հաստատումը:
Մինչ երթը սկսելը Երևանի ՃՈ վարչության պետ Արսեն Արշակյանը հայտարարեց, որ երթը արտոնված չէ, և ճանապարհային երթևեկության ցանկացած խախտում ենթակա է վարչական տուգանքի: Ի պատասխան նրա՝ երթի մասնակիցները փաստարկներ բերեցին, թե ավտոերթերի համար արտոնելու մասին օրենքում կետ չկա:
Մասնակիցները նաև տեղում դրամահավաք անցկացրեցին նախորդ երթի ժամանակ տուգանված վարորդներից մեկի համար:
Երթի մեկնարկից անմիջապես հետո ոստիկանները փակեցին նախապես նշված երթուղու ճանապարհներից մեկը՝ պատճառաբանելով, որ այդ փողոցներում հնարավոր է արհեստական խցանումներ առաջացնեն: Երթի մասնակիցները կանգնել են և հրաժարվում են ոստիկանության ուղղորդած այլ ճանապարհով շարժվել՝ նշելով, թե խոչընդոտվում է իրենց ազատ տեղաշարժի իրավունքը:










