ԱՄՆ-ն և G7-ը կոչ են անում Պուտինին փակել Ուկրաինայի հետ սահմանը. Նուլանդ

15:31 • 10.06.14

ԱՄՆ-ն և «Մեծ յոթնյակի» (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) երկրները կոչ են անում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փակել Ուկրաինայի հետ սահմանը գրոհայինների և անջատողականներին զենքի մատակարարումների համար և սկսել աշխատել ուկրաինական իշխանության հետ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը, գրում է korrespondent.net-ը:

 

«Անթույլատրելի է, որ Ռուսաստանի Դաշնությունը թույլ տա գրոհայիններին անցնել սահմանը… ԱՄՆ-ն և G7-ի երկրները խնդրում են նախագահ Պուտինին փակել սահմանը և համագործակցել ուկրաինական կառավարության հետ նման դժվարին պայմաններում»,- ասել է նա:

 

Լրագրողների հարցին, թե ինչ մտադրություններ ունի Ռուսաստանն Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու հետ կապված, Նուլանդը պատասխանել է, որ ամեն ինչի մասին կխոսեն Ռուսաստանի Դաշնության գործողությունները:

 

«Մենք չենք խոսի Ռուսաստանի մտադրությունների մասին, մենք կգնահատենք իրական գործողություններով»,- ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը։