Թուրքիայում ադրբեջանցի, վրացի և ռուս «օրենքով գողերը» հրաձգություն են կազմակերպել
Թուրքական Էդիրնե քաղաքում նախօրեին զինված միջադեպ է տեղի ունեցել «օրենքով գողերի» երկու թշնամական կլանների միջև, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ստորաբաժանման աշխատակից, 33-ամյա Հուսեյին Իմրագը։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը, ոստիկանները կարողացել են բռնել մասնակիցներից միայն մեկին։
Առաջին կրակոցները հնչել են 13։30-ին։ Հաղորդվում է 5 մարդուց բաղկացած խմբի մասին, որոնք ռուսներ և վրացիներ են եղել։ Նրանք երկու մեքենաների ուղևորներ են եղել, որոնցից մեկը եղել է ռուսական, մյուսը՝ թուրքական պետհամարանիշներով։
Հրաձգությունը փողոցում խուճապի պատճառ է դարձել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել կասկածյալներից մեկին, որը, չնայած վիրավոր լինելուն, փորձել է փախուստի դիմել։
Գաղտնիք չէ, որ մի քանի տարի առաջ Թուրքիան ապաստան էր դարձել վրացի և ադրբեջանցի «օրենքով գողերի» համար, գրում է աղբյուրը։
Տեղի ունեցածը ևս կապվում է ադրբեջանցի «օրենքով գողերի»՝ Ռովշան Ջանիևի ու Նադիր Սալիֆովի հետ։
Թուրքական ոստիկանությունը մինչև վերջին պահը չի խառնվել «գողական հավաքներին», սակայն այժմ, օրենքի պահապաններից մեկի սպանությունից հետո, հավանաբար այլևս չխառնվել չկարողանա։










