Եթե հեղաշրջում լինի, ինձ մահապատժի կենթարկեն. Էրդողան
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն քննադատել է Դիարբեքիրում տեղի ունեցող անկարգությունները, որոնց ընթացքում թուրքական դրոշ էին իջեցրել։
Դիարբեքիրում արդեն մի քանի շաբաթ բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ցուցարարները փակում են նահանգի խոշոր մայրուղիները։ Մի քանի հարյուր քուրդ ցուցարարներ բողոքում են ընդդեմ զինվորական բլոկպոստերի կառուցման։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Էրդողանն իր ելույթում նշել է, որ եթե պետական հեղաշրջում տեղի ունենա, ապա իրեն և իր նախարարներին պարզապես մահապատժի կենթարկեն։
«Ինչ-որ մեկը պետական դրոշ է հանում։ Ստացվում է՝ ով ինչ ուզում անում է»,-ասել է Էրդողանը՝ սպառնալով պատժել բոլոր մեղավորներին։
Անդրադառնալով անցյալ տարեվերջին երկրում ծավալված կոռուպցիոն սկանդալին՝ Էրդողանը դա պետական հեղաշրջման փորձ է որակել։
«Եթե դա տեղի ունենար, ապա իմ և իմ կառավարության նախարարների հետ հաշվեհարդար կտեսնեին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ սկանդալի շրջանակներում ձերբակալվել են բազմաթիվ պաշտոնյաներ, նախարարների որդիներ և գործարարներ։










