Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին թույլ չեն տվել մտնել Իրան
Իրանը թույլ չի տվել իր տարածք մտնել Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Մայքլ Մակֆոլին, գրում է lenta.ru-ն:
«Պատրաստվում էի գնալ Իրան՝ համաժողովի մասնակցելու, սակայն այսօր իմացա, որ ինձ մերժել են վիզա տրամադրել»,- պատմել է Մակֆոլը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նա նաև նշել է, որ անհամբերությամբ է սպասում այն օրվան, երբ կկարողանա կրկին այցելել Իրան: Իր վերջին այցն այդ երկիր, որը կայացել է 2005 թվականին, Մակֆոլը «հիանալի» է անվանել:
Մակֆոլը, ով փիլիսոփայության դոկտորի աստիճան ունի, այժմ քաղաքական գիտությունների պրոֆեսոր է աշխատում Սթենֆորդի համալսարանի Ժողովրդավարության, զարգացման և օրենքի գերակայության հարցերով կենտրոնում: Նա նաև Հուվերի համալսարանում զբաղվում է նախագծով, որի նպատակն է Իրանում ժողովրդավարության զարգացմանը նպաստելը:
Մակֆոլը զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը 2011-ից 2014 թվականներին։










