Իրանն ամեն ինչ կանի «վեցյակի» հետ վերջնական համաձայնության համար
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը կանի հնարավորինս ամեն ինչ, որպեսզի հասնի իր միջուկային ծրագրի առնչությամբ վերջնական համաձայնության, գրում է ria.ru-ն՝ հղում անելով France Presse գործակալությանը:
Ժնևում 2013 թվականի նոյեմբերին կողմերը պայմանավորվածության են եկել, որ համընդգրկուն համաձայնությունը, որը կերաշխավորի Իրանի տնտեսական պատժամիջոցները վերացնելու փոխարեն իրանական միջուկային ծրագրի ռազմական բաղադրիչի բացակայությունը, պետք է մշակվի մինչև հուլիսի 20-ը:
«Իրանն արդեն ցույց է տվել, որ իր ծրագիրը խաղաղ նպատակներ է հետապնդում: Մենք կանենք հնարավորինս ամենի ինչ «վեցյակի» (միջազգային միջնորդների) հետ վերջնական պայմանագիր կնքելու համար»,- ասել է Իրանի նախագահը, ով այցով գտնվում է Թուրքիայում:
Ռոուհանիի հայտարարությունը հնչել է Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի ներկայացուցիչների եռակողմ բանակցությունների ֆոնին, որոնք ավարտվում են երեքշաբթի օրը Ժնևում: Այդ խորհրդակցություններն անց են կացվում Վիեննայում հունիսի 16-ին սկսվող «վեցյակի» բանակցությունների հերթական փուլից առաջ:










