Մաքսիմ Թադևոսյանը կդառնա Rambler&Co-ի գլխավոր տնօրենի տեղակալը

09:23 • 10.06.14

Rambler&Co ընկերության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը հունիսի 16-ից կզբաղեցնի Մաքսիմ Թադևոսյանը, ով ավելի վաղ ղեկավարել է Progression գովազդային գործակալությունը: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է Rambler&Co-ի PR-տնօրեն Սոֆյա Իվանովան:

 

Ընկերության տվյալներով՝ Թադևոսյանը պատասխանատու կլինի միասնական կոմերցիայի գործառույթների միավորման, Rambler&Co բրենդի մարքեթինգային միասնական ռազմավարության ներդրման համար:

 

Նրա գործունեության գլխավոր ոլորտներն են դառնալու մեդիահոլդինգի նախագծերի մարքեթինգի ռազմավարության և մոնետիզացման ռազմավարության ձևավորումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը, ինչպես նաև Rambler&Co-ի գործընկերային նախագծերի զարգացումը:

 

Թադևոսյանն ունի ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ գովազդային բիզնեսում, այդ թվում՝ մեդիայի ոլորտում: 2011 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Progression գործակալության գլխավոր տնօրենի պաշտոնը:

 

Ավելի վաղ չորս տարի Թադևոսյանն աշխատել է MediaCom (WPP, GroupM) գործակալությունում՝ լինելով բիզնեսի զարգացման և գործակալության գլխավոր հաճախորդների հետ աշխատանքի պատասխանատուն։