Իսրայելում այսօր նախագահ կընտրեն
Այսօր Իսրայելում կայանալու են նախագահական ընտրություններ. Կնեսետի (խորհրդարան) պատգամավորները գաղտնի քվեարկության միջոցով պետք է երկրի նոր ղեկավար ընտրեն։
Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, նախագահի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու, սակայն հրեական ԶԼՄ-ները ֆավորիտ են համարում Կնեսետի նախկին խոսնակ Ռեուվեն Ռիվիլինին։ Վերջինս իշխող կոալիցիան ղեկավարող «Լիկուդ» կուսակցության անդամ է։
Թեկնածուների ցուցակում նաև ներառված են Կնեսետի նախկին խոսնակ Դալիյա Իցիկը, ներքին գործերի նախկին նախարար Մեիր Շիտրիտը, Իսրայելի գերագույն դատարանի նախկին դատավոր Դալիյա Դորներն ու 2011թ. քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Դանիել Շեխտմանը։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի պատգավորների առնվազն 61 ձայն. հակառակ դեպքում կանցկացվի 2-րդ փուլ։
Ներկայում Իսրայելի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Շիմոն Պերեսը, ով ընտրվել է 2007թ.։










