Ղրղզստանը պատրաստվում է Մաքսային միություն մտնել մինչև տարեվերջ
Ղրղզստանը պատրաստվում է Մաքսային միության լիիրավ անդամ դառնալ մինչև տարեվերջ: Այդ մասին ИТАР-ТАСС-ին տված հարցազրույցում հայտարարել է երկրի վարչապետ Ջոոմարտ Օտորբաևը:
«Մենք կձգտենք կատարել «ճանապարհային քարտեզի» շրջանակներում մեր բոլոր պարտականությունները»,- ասել է նա: Նրա խոսքով՝ տվյալ փաստաթուղթը ենթադրում է Ղրղզստանի կողմից բոլոր նախապատրաստական միջոցառումների ավարտ մինչ ընթացիկ տարվա վերջ։
Ղրղզստանի վարչապետը նաև նշել է, որ ի տարբերություն իր մի շարք քաղաքական հակառակորդների՝ ինքը պաշտպանում է Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի տնտեսական միություն երկրի մտնելու գաղափարը:
«Կոնցեպտուալ հարցն այստեղ այն է, թե մենք կառուցում ենք բաց տնտեսությո՞ւն, թե՞ փակվում ենք դարպասներով մեր ամենակարևոր արտաքին տնտեսական գործընկերներից»,- ասել է Օտորբաևը: Ներկայիս տնտեսական պայմաններում, ասել է վարչապետը, երկիրը պետք է «վճռականորեն վերացնի սահմաններին արգելքներն՝ ազատ առևտրի հայեցակարգի ամբողջական իրականացման համար»:
Նա Մաքսային միություն երկրի մտնելու հիմնական բացասական հետևանք է նշել որոշ տեսակի ապրանքների գների հնարավոր բարձրացումը:










