Հանձնաժողովը ստիպված էր գնալ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, նոր սակագինը կգործի օգոստոսի 1-ից. Ռ. Նազարյան

14:35 • 10.06.14

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման գնում են ստիպված և, հավանաբար, օգոստոսի 1-ից արդեն կգործի նոր սակագինը։


Հիշեցնենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հիմք ընդունելով ոլորտում կատարված ուսումնասիրությունները, հայտարարել էր, որ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը, ըստ որի՝ սակագինը գործող 38 դրամից կարող է հասնել 45-ի:


«Դատապարտված ենք բարձրացնել։ Մի փոքրիկ, թեկուզ 0.5%-ի հնարավորություն լիներ մենք այս քայլին չէինք գնա, մեզ համար էլ շատ դժվար է և՛ լսել նաև լրատվամիջոցների միջոցով տարբեր տեսակի խոսքեր մեր հասցեին, և՛ ժողովրդի վրդովմունքը լսել։ Բայց մենք ունենք գործառույթների շրջանակ, և պետք է ապահովենք հուսալի էլեկտրաէներգիա մեր ժողովրդի համար։ Եթե նման թանկացումները ստիպված չանենք՝ երկու-երեք տարում մեզ կարող էիք լիարժեք մեղադրել, թե ինչու այս կայունությունը չեք ապահովել և բերել հասցրել եք այս վիճակին»,- ասաց նա։


Իսկ հարցին, թե եթե չբարձրացնեին, ինչ կարող էր լինել, Նազարյանը պատասխանեց. «Այսօր միայն Հայաստանի էլցանցը արդեն 16 մլրդ 600 մլն-ի վնաս ունի, վարկային մեծ պորտֆել է կուտակել, իսկ սնման աղբյուրը չկա և կարող է հանկարծ հայտնվի բանկրոտի մեջ։ Բացի այդ, ատոմակայանն ունի անվտանգության բարձրացման խնդիր՝ խորքային հորերի սառեցման համար, որովհետև այս Սև ջուրը ցամաքել է և հովացման համակարգի խնդիր կարող է լինել»,-նշեց նա։


Ռոբերտ Նազարյանը նկատեց, թե հասկանում է, որ այս թանկացումը բնակիչների համար լրացուցիչ ծախսեր ու նոր թանկացումներ կբերի և որպես քաղաքացի իր համար ամենաանընդունելի որոշումներից մեկն է՝ կայացրել նոր թանկացման մասին որոշում, բայց արդեն հաշվել և գնահատել է, որ այս 4 դրամը տարեկան կտրվածքով ընտանիքների վրա մոտավորապես 8000-ից 9 000 դրամով է բեռ առաջացնելու։
«Թանկացումներ լինում են ոչ միայն կոմունալ ծառայությունների մասով , այլ նաև շատ-շատ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների մասով, որոնք շատ ավելի մեծ բեռ են դառնում մեր գրպանին կամ մեր ընտանեկան բյուջեին, քան այս ծառայություններ են, բայց այդ մասին մենք երբևիցե չենք խոսում, և հենց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում է լինում, որն իր տեսակարար կշռով շատ ավելի փոքր է, որոշ մարդիկ շահարկման առարկա են դարձնում, բայց ոչ մեր ժողովուրդը։ Իրոք պետք է ասենք, որ մեր ժողովուրդը իմաստուն է այս հարցում»,- նշեց նա։


Իսկ թե այսքան թանկացումներից հետո Նազարյանին չի՞ հիացնում ժողովրդի համբերությունը, նա պատասխանեց. «Իհարկե, ես ձեր հարցի ենթատեքստը շատ լավ հասկանում եմ, այդ հարցից ես իրոք նեղված եմ և չգիտեմ ինչ պատասխանեմ։ Մենք իրոք հաշվի առնելով մեր ժողովրդի այսօրվա մեծ մասի սոցիալական վիճակը՝ շատ դժվարությամբ ենք նման որոշում կայացրել, բայց մենք օրենքով վերապահված գործառույթներ ունենք, և ես կարծում եմ, որ յուրաքանչյուր կառույց պետք է իր գործն անի»։


Հարցին, թե հնարավոր է նման մի անակնկալ է գազի հարցում լինի, Նազարյանը հավատացրեց, թե մինչև տարեվերջ հաստատ գազը չի թանկանա։ «Այս տարի մինչև հունվարի մեկը չէ, նրանից հետո կդժվարանամ ասել, որովհետև դա իմ խնդիրը չէ»։


Հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկվել է հարցը, նա պատասխանեց, որ իրենք անկախ մարմին են, և իրենց գնահատականը տվել են, ուղղակի տեղեկացել են և՛ նախագահին, և՛ վարչապետին, որ նման բան է սպասվում։ «Իսկ նրանց արձագանքը եղել է այն, որ հարցրել են թե կար հնարավորություն ավելի քիչ բարձրացնելու կամ չբարձրացնելու, ես ներկայացրել եմ, որ ոչ, հնարավորություն չկա»,- եզրափակեց նա։