Սա արդեն այն ընդդիմությունն է, որի հետ կկարողանանք հարցեր քննարկել և լուծել. ՀՀԿ խմբակցության ղեկավար

16:21 • 10.06.14

ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ոչ իշխանական 4 ուժերի՝ «քառյակի» հրապարակած 12 կետերին՝ նկատելով, թե ուրախ է, որ առողջ առաջարկներ են եղել։ «Ես վստահ էի, որ նրանք այնպիսի առաջարկներ կներկայացնեն, որոնք մեր քննարկման առարկան կդառնան»,-նշեց նա։ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ սա արդեն այն ընդդիմությունն է, որն իրենք էին ուզում, որոնց հետ կկարողանան հարցեր քննարկել և հարցեր լուծել: Ինչ վերաբերում է ժամկետներում տեղավորվելուն, ապա խմբակցության ղեկավարը նշեց, թե կցանկանար նախապայմաններով չխոսել և որ իրենք կառավարությանը պետք է հարցապնդում անեն։ «Արդյունքներն արդեն կտեսնեք»,-նշեց նա։ Ի դեպ, ի պատասխան ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի չար ծառից բարի պտուղներ հնարավոր չէ սպասել, Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց, թե այդպիսի հայտարարությունները փչացնում են առաջ քաշված այս կետերը ։ «Եթե դու չես սպասում, էլ ինչի՞ ես նման առաջարկներ ներկայացնում: Գնացեք՝ ձեր գործը փողոցում արեք էդ դեպքում»,-նշեց նա։

-Պարոն Բաղդասարյան քառյակը հրապարակեց իր 12 կետերը, սակայն հանրապետականներից ոչ մեկի հրաժարականը չեն պահանջում, դա Ձեզ ուրախացնո՞ւմ է։

- Այդպես էիք Դուք կարծում։ Ընդհակառակը, ես շատ ուրախ եմ, որ շատ առողջ առաջարկություններ են եղել: Ես վստահ էի, որ նրանք այնպիսի առաջարկներ կներկայացնեն, որոնք մեր քննարկման առարկան կդառնան: Ներկայացված առաջարկներն արդեն մեր կողմից հնչել էին, մի մասը կառավարության ծրագրի ժամանակ, մյուս մասը՝ մեր ելույթների ժամանակ: Ներկայացված բոլոր առաջարկություններն էլ քննարկման առարկա են: Ես կարող եմ հերթականությամբ գնալ. 1. Վերացնել պարտադիր կուտակայինը, դուք արդեն գիտեք, որ բավականին լուրջ գործընթաց է գնում և առաջընթաց կա: Շատ լուրջ բանակցությունների արդյունքում մենք եկանք մի այնպիսի եզրակացության, որ իրոք այդտեղ վերանայման խնդիր կա: 2. Վերանայել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերը։ Մենք լսումներ ենք կազմակերպել, և այդ հարցն էլ պետք է ուսումնասիրվի, սա օրակարգային հարց է: 3. Առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկը: Շրջանառության հարկի մասին մենք ենք բարձրաձայնել, ավելի լավ առաջարկություններով ենք հանդես եկել: Գյուղատնտեսության հետ կապված բոլոր առաջարկություններն ընդգրկված են մեր ծրագրի մեջ...

- Ստացվում է, որ Ձեր կետե՞րն են ներկայացրել։

- Դրա համար էլ շատ ուրախ եմ: Ես ասում եմ, որ սրանք առողջ առաջարկություններ են արվել ընդդիմության կողմից, և սա արդեն այն ընդդիմությունն է, որը մենք ուզում ենք, որոնց հետ կկարողանանք հարցեր քննարկել, հարցեր լուծել:

- Փաստորեն վարչապետի համար ընդունելի՞ կետեր են։

- Ես չեմ կարող ասել, վարչապետի՞ համար ընդունելի, թե կառավարության ծրագրի: Համենայնդեպս այնպիսի հարցեր են բարձրաձայնված, որոնք կարելի է ասել քննարկման առարկա կարող են դառնալ կամ դարձել են արդեն:

- Մինչև սեպտեմբերի 30-ը բավարար ժամկե՞տ է բոլոր պահանջները կատարելու համար։

- Մենք կառավարությանը պետք է հարցապնդում անենք, արդյունքներն արդեն կտեսնեք: Եկեք նախապայմաններով չխոսել, ինչ էլ լինի այդ ժամանակում, դա էլ կստացվի: Այդ բոլոր հարցերն էլ կան մեր ծրագրի մեջ:

- Կա՞ մի կետ, որին Դուք դեմ եք։

- Փաստորեն ընդդիմությունն առանց պատասխանատվություն վերցնելու իրենց վրա, վերահսկողական գործառույթներ է պահանջում: Ես դեմ եմ նման բաների: Երբ որ կլինի առողջ ընդդիմություն և քաղաքական ընդդիմություն, կարող է քննարկվել, բայց այս պարագայում՝ ոչ: Ոչ մի անգամ չի լինի այնպիսի բան, որ Հայաստանը կնքի այնպիսի պայմանագիր, որը կխանգարի Հայաստանի և Ղարաբաղի հարաբերություններին: Մենք Ղարաբաղը տեսնում ենք որպես առանձին միավոր:

- Երբ հրապարակվեցին այդ 12 կետերը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի չար ծառից բարի պտուղներ հնարավոր չէ սպասել: Ի՞նչ եք կարծում…

- Իսկ չար մարդուց ի՞նչ եք սպասում ընդհանրապես: Տեսնում եք, բոլոր այս կետերը փչացնում են այդպիսի հայտարարությունները: Եթե դու չես սպասում, էլ ինչի՞ ես նման առաջարկներ ներկայացնում: Գնացեք ձեր գործը փողոցում արեք էդ դեպքում: Եթե քառյակը նստել, աշխատել է, ամիսներով աշխատել է, որպեսզի սա անի և եթե արել է ու սպասելիք չունի, ես էդպիսի մարդու տրամաբանությունը չեմ հասկանում: