Մենք ցանկանում ենք ՀԱՊԿ-ից միացյալ գործողություններ ակնկալել նաև մեր տարածաշրջանում. Սեյրան Օհանյան

17:57 • 11.06.14

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն այսօր Ազգային ժողովի հարցուպատասխանի ժամին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե արդյոք երեկ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին բարձրացվել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածության հարցը, ինչին ի պատասխան նախարարն ասաց, որ Հայաստանի ցանկությունը այն է, որ ՀԱՊԿ–ից միացյալ գործողություններ ակնկալի նաև մեր տարածաշրջանում:


«Ինձ թվում է որ կարևոր է, որ այդ հանդիպմանը բարձրացված լինի ՀՀ-ի անվտանգության խնդիրները»,-ասաց պատգամավորը:

Նախարար Սեյրան Օհանյանը պարզաբանեց, որ սովորաբար միջազգային ասպարեզում ընթացող գործընթացներն իրականացվում են կա՛մ բաց, կա՛մ փակ ընթացակարգերով, ինչը գործում է նաև ՀԱՊԿ-ի համակարգում:

«Ընթացակարգերից հետո որոշում է ընդունվում, թե ինչ ներկայացնել հանրությանը և ինչն է պարունակում գաղտնի տեղեկատվություն: Այսօր նաև շատ անգամ տեղեկատվությանը նայելով քննադատում ենք, թե ինչու չներկայացվեց կամ չասվեց այսինչ հարցը: Փակ ընթացակարգերը հիմնականում ընթանում են միայն նախարարների ներկայությամբ և Ձեր տված հարցը քննարկվում է փակ ընթացակարգում: Այսինքն՝ վերջին նիստի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը անդրադարձավ նաև ռեգիոններին, որոնք կան ՀԱՊԿ-ի շուրջ»,- ասաց նա:

Նախարարը նաև նշեց, որ վերջին նիստի բաց ընթացակարգի ժամանակ կարևոր փաստաթղթեր են ընդունվել, որոնք վերաբերում են պաշտպանական մեխանիզմների ձևավորմանը, ինչպես նաև օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի օպերատիվ ծավալման պլանին:

«ՀՀ-ն միշտ էլ եղել է առաջիններից մեկը, որ կանգնած է եղել ռազմական բաղադրիչների զարգացման ակունքներում: Մեր ցանկությունը այն է ՀԱՊԿ-ից, որ միացյալ գործողություններ ակնկալենք նաև մեր տարածաշրջանում»,-ասաց Սեյրան Օհանյանը: