ՀՀ–ում Ուկրաինայի դեսպանի վերադառնալու որոշումը կայացվել է Սերժ Սարգսյանի շնորհավորանքից հետո. Իվան Կուխտա

14:19 • 11.06.14

Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան վերադարձել է
Հայաստան ու կշարունակի իր աշխատանքը: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին դեսպանը նշեց, որ ինքը հետ էր կանչվել ՄԱԿ-ում Ղրիմի հարցով ՀՀ-ի կատարած քվեարկության պատճառով, իսկ վերադարձել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ՀՀ նախագահի շնորհավորանքից հետո:


«Ուկրաինան գնահատեց ՀՀ նախագահի այս քայլը, որպես ընկերական մոտեցում և որ դրանով Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի նախագահական ընտրությունները և դրա արդյունքները: Այդ պատճառով որոշում կայացվեց, որ դեսպանը հետ վերադառնա և կատարի իր պարտականությունները»,-ասաց նա:


Հարցին, թե այդ դեպքում իր կարծիքով ինչո՞ւ երդմնակալությանը չմասնակցեց ՀՀ Նախագահը, այլ պատվիրակությունը ղեկավարում էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, դեսպանը պատասխանեց. «Մենք կարծում ենք, որ սա ներկայացման բարձր մակարդակ է, քանի որ ոչ բոլոր երկրների նախագահներն են ներկա եղել, երկրների պատվիրակությունները տարբեր պաշտոնատար անձիք են ներկայացրել և նախարարի մակարդակով ներկայությունը համարում ենք բարձր»,-ասաց նա:


Հիշեցնենք, որ Ղրիմի հանրաքվեի արդյունքները ճանաչելու վերաբերյալ ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայում քվեարկության դրված բանաձևին Հայաստանը դեմ էր քվեարկել:


Իվան Կուխտան, անդրադառնալով Ուկրաինայում անցկացված վերջին ընտրություններին, նշեց, որ դրանք համարում է ամենաժողովրդավարականն ու հայրենասիրականը Ուկրաինայի պատմության ընթացքում:


«Իմ ընտրելու իրավունք ունենալու ամբողջ պատմության ընթացքում նման բան չէի տեսել, որ մարդիկ գան ու մի քանի ժամ ընտրատեղամասում հերթ կանգնեն: Ուկրաինային սպասում է խաղաղ ապագա, լավ հեռանկար»,- ասաց նա:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Ուկրաինան կստորագրի ԵՄ շրջանակում Ասոցացման համաձայնագիրը, դեսպանը հիշեցրեց, որ այդ մասին Պյոտր Պորոշենկոն անդրադարձել է իր երդմնակալության օրը և հստակ ընդգծեց, որ Ուկրաինան գնալու է ԵՄ-ին անդամակցելու ճանապարհով և դրա առաջին քայլը Ասոցացման համաձայնագրի ստորագրումն է:
Հարցին, թե արդյո՞ք Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Հայաստան-Ուկրաինա հարաբերությունները կփոփոխվեն, հատկապես տնտեսական տեսանկյունից, դեսպանը պատասխանեց, թե հարաբերությունները չեն փոխվել, ավելին՝ դրանք պետք է խորանան, ընդլայնվեն և դրանում շահագրգռված են երկու կողմերը:


«Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա հիշեցնեմ, որ երկու երկրները Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, ամեն դեպքում ես կարծում եմ՝ հարցը լուծելի է, քանի որ երկու կողմերն էլ շահագրգռված են ընդլայնելու տնտեսական հարաբերությունները: Որոշ փոփոխություններ կլինեն, բայց դրանք լուծելի խնդիրներ են»,-ասաց նա:


Իվան Կուխտան նաև նշեց, որ փոխվել է Ուկրաինայի նախագահը, սակայն ոչ իր առջև դրված խնդիրները՝ աջակցել երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: