Եգիպտոսում բլոգերին 15 տարվա ազատազրկման են դատապարտել
Եգիպտոսի դատարանը հայտնի բլոգեր և բողոքի ակցիայի մասնակից Ալաա Աբդել Ֆաթահին 15 տարվա ազատազրկման է դատապարտել, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին: Նրան դատապարտել են հանրահավաքներ անցկացնելու իրավունքները սահմանափակող նոր օրենքի դեմ ելույթների կազմակերպմանն ուղղված կոչերի համար:
Ալաա Աբդել Ֆաթահն առաջիններից է եղել, ով Եգիպտոսում սկսել է քաղաքական բլոգեր վարել, որտեղ քննադատության է ենթարկել կառավարության գործողությունները: Նա նաև ակտիվ մասնակցություն է ունեցել 2011 թվականի հեղափոխությանը, երբ գահընկեց արվեց այդ ժամանակվա նախագահ Հոսնի Մուբարաքը:
Երկրում հայտնի բլոգերի դեմ վճիռը կայացվել է պետության նոր ղեկավար Աբդել Ֆաթահ ալ Սիսիի երդմնակալությունից երեք օր հետո:










