Հիլարի Քլինթոնը խորհուրդ է տալիս Սնոուդենին իր իրավացիությունը պնդել հայրենիքում, այլ ոչ Ռուսաստանում
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը MSNBC ալիքին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը թաքնվում է մի երկրում, որն ԱՄՆ-ի «իրական մրցակիցներից» մեկն է։ Նրա կարծիքով՝ Սնոուդենը չպետք է դա աներ։ Քլինթոնը նշել է նաև, որ եթե ինքը վստահ է իր իրավացիության հարցում, ապա պետք է վերադառնա հայրենիք և այնտեղ պնդի իր դիրքորոշումը, փոխանցում է russian.rt.com-ը։
«Կարծում եմ՝ Սնոուդենը պետք է վերադառնա իր երկիր, այլ ոչ թե թաքնվի մի երկրում, որը ղեկավարում է Պուտինը և որը, ինչպես հայտնի է ինձ, դեռևս չի առանձնանում իր անկեղծությամբ այն հարցում, թե ինչ է կատարվում Ռուսաստանում։ Իսկ այն մասին, թե ինչ է անում Ռուսաստանը, ես շատ բան գիտեմ։ Ամեն անգամ, երբ ես գնում եմ Ռուսաստան, ստիպված եմ լինում թողնել իմ բոլոր էլեկտրոնային սարքերն ինքնաթիռում»,- ասել է Քլինթոնը։
Նախկին պետքարտուղարը նշել է նաև, որ Սնոուդենն ապաստան է խնդրել մի երկրից, որն ԱՄՆ-ի իրական մրցակիցն է տեղեկության համար պայքարում։
«Նա օրինախախտ է։ Նա խախտել է ամերիկյան օրենքը, խախտել է իր պարտականությունները, որոնք ստանձնել էր, երբ համաձայնել է այդ աշխատանքին։ Եվ եթե նա այդքան հպարտանում է կամ վստահ է, որ ճիշտ է արել, ապա նա պետք է վերադառնա և ապացուցի դա»,- հավելել է Հիլարի Քլինթոնը։










