Եվրասիական միության մոդելը համաշխարհային նոր մոդել է. Դմիտրի Կիսիլյով (տեսանյութ)
Ռուսաստանի և բարեկամ երկրների՝ Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի փորձը՝ ստեղծելու մեծ Եվրասիական տնտեսության սաղմերը, համաշխարահին նոր մոդել է:
Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովում՝ «Եվրասիական ինտեգրացիայում ոչ կառավարական կազմակերպությունների դերը» խորագրով «Հայ-ռուսական բարեկամության» խորհրդարանական ակումբի 5-րդ նիստում հայտարարեց ռուս հայտնի լրագրող, «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, Հայաստանում«Գրիբոյեդով» ակումբի հիմնադիր Դմիտրի Կիսիլյովը:
«Ես համոզված եմ, որ մեր նախագիծը շատ ավելի հաջողված է, քան ամերիկյանը»,-նկատեց Դմիտրի Կիսիլյովը:
Ավելի ուշ Ազգային ժողովի Ռուսական գրքի տանը կազմակերպված քննարկմանը միացավ նաև Հայաստանում ՌԴ նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Նշենք, որ հանդիպումն անցնում էր ռուսերենով, թեև ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ով վարում էր «Հայ-ռուսական բարեկամության» խորհրդարանական ակումբի 5-րդ նիստը, տեղեկացրեց, որ Հայաստանում նման միջոցառումներն անցնում են հայերենով, սակայն ելնելով թարգմանության վրա ժամանակ չծախսելու նկատառումից՝ առաջարկեց քննարկումն անցկացնել ռուսերենով:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը բացվել է ԱՊՀ երկրների երիտասարդական միության նախաձեռնությամբ՝ 2013 թվականի դեկտեմբերի 3-ին` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Պուտինի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ:
Դմիտրի Կիսիլյովը նկատեց՝ մեկուսացված երևույթներն ու լրագրությունն աշխատում են մեր դեմ:
«Այնպես է ստացվել, որ Ռուսաստանում 1917-ին և 1991 –ին տեղի ունեցավ արժեքային համակարգի «ջարդ»: Հիմա հայտնվել ենք մի վիճակում, երբ արդեն պետք է այդ արժեքները ո´չ թե վերաստեղծել, այլ՝ ստեղծել: Մենք, օրինակ, Ռուսաստանում հայտնվել ենք մի դրամատիկ իրավիճակում, երբ երեխաները կոնսենսուսային արժեք այլևս չեն ներկայացնում: Իբրև օրինակ բերեմ միլիոնավոր աբորտները»,-հայտարարեց Դմիտրի Կիսիլյովը՝ անդրադառնալով նաև փողին՝ որպես երևույթի: Նրա խոսքով՝ խոշոր կապիտալները հասարակակական ընկալումներում դեռ մնում են որպես ոչ լեգիտիմ:
Ըստ նրա՝ մինչև վերջերս Ռուսաստանը գտնվում էր արժեքային նման համակարգում, սակայն հիմա այն գնալով՝ կայունանում է, թեև դեռ շատ երկար ու դժվար աշխատանք է պետք:










