Ֆրանսիայի տրանսպորտային համակարգը կաթվածահար է եղել երկաթգծի աշխատակիցների և տաքսիստների գործադուլի պատճառով
Երկու խոշոր գործադուլները կաթվածահար են արել Ֆրանսիայի տրանսպորտային համակարգը: Գործադուլի են դուրս եկել միաժամանակ երկրի երկաթգծի աշխատակիցները և տաքսիստները, գրում է ИТАР-ТАСС-ը:
Այժմ Փարիզի շուրջ ստեղծված խցանումները գերազանցում են 300 կիլոմետրը:
Տաքսիստները բողոքում են «զբոսաշրջիկների համար վարորդով մեքենաների» ծառայություն տրամադրող ընկերությունների գործողությունների դեմ: Նրանք, օգտվելով օրենսդրության մեջ եղած խնդիրներից, իրականացնում են փաստացիորեն նույն գործառույթները, ինչ տաքսիները, սակայն վճարում են միայն աննշան գումար տարեկան արտոնագրի, ինչպես նաև վարորդների պատրաստության համար:
Տաքսիստների նախորդ ցույցից հետո կառավարությունը փորձել է կարգավորել խնդիրը, սակայն տաքսիստների արհմիությունները դժգոհ են պատրաստված օրինագծից, որը խորհրդարան քննարկման է մտնելու հաջորդ շաբաթ:
Երկաթգծերի աշխատակիցները նույնպես գործադուլի են դուրս եկել, ինչի հետևանքով Փարիզի արվարձանների տասնյակ հազարավոր բնակիչներ չեն կարողանում աշխատանքի հասնել: Նրանք մասնավորապես դժգոհ են ճյուղի բարեփոխման պլանից, որի դրույթների համաձայն՝ երկաթգծերի աշխատակիցները կորցնում են պետծառայողի կարգավիճակը, ինչն էլ անդրադառնալու է իրենց աշխատավարձի, արձակուրդների քանակի, թոշակի և սոցիալական ապահովագրության վրա։










